ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ
Տարակուսելի է այն զարմանքն ու վրդովմունքը, որը հանկարծ սկսել են արտահայտել որոշ իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ՝ կապված դատավոր Բախշիյանի քաղաքական հետապնդման և ԲԴԽ-ի կամայական որոշման հետ։ Լեթարգիական քնի մեջ գտնվող մեր քաղհասարակությանն արժե հիշեցնել, որ Մայր օրենքի տոտալ խախտումներն սկսվել են շատ ավելի վաղուց՝ առնվազն 2019-ի մայիսի 20-ից, երբ դատարանների ելումուտն արգելափակվեց, Սահմանադրական դատարանի գործունեության նկատմամբ էլ գործադիրը որդեգրեց կոշտ միջամտության գործելակերպը։ Այս ակտն արդեն իսկ իրավական պետության և իրավունքի գերակայության հոգեհանգիստն էր, և վստահաբար՝ իշխանափոխությունից հետո պետք է Փաշինյանի այս քայլերին տրվի պատշաճ իրավական գնահատական։
Իրականում՝ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, սկսվեց հենց այդ, առաջին հայացքից անմեղ իրավախախտմամբ, երբ Սահմանադրությունը մնաց բացարձակ անպաշտպան, և որևէ մեկը, առաջին հերթին՝ նախագահը, նրան երաշխավոր չեղավ։ Բարձր դատարանի և առհասարակ դատական համակարգի դեմ հարձակումներ սկսելու համար պատրվակ էր պետք, այդպիսին դարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Հիմա արդեն ակնհայտ է, որ բացի մարտավարական խնդիր լուծելուց՝ Փաշինյանն այդպիսով հեռուն գնացող նպատակ էլ ուներ՝ ապահովել իր գրպանային մեծամասնությունը Սահմանադրական դատարանում՝ Ադրբեջանի հետ խաղաղության, սահմանազատման, ապաշրջափակման կամ ցանկացած այլ պայմանագիր անարգել դակելու համար։
Այս ֆոնին առավել քան մտահոգիչ է ընդդիմադիր երկու խմբակցությունների մի շարք պատգամավորների պասիվությունը, կրավորական կեցվածքը, երբ պիտի, իրենց իսկ խոստման համաձայն, օր ու արև չտային իշխանությանը։ Իհարկե, պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով և առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով, սակայն այդ համոզմունքները պետք է որ սկզբունքորեն տարբերվեն իշխանական ուղեգծից։ Այլապես նրանք կվերածվեն ժամանակին ԼՀԿ խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանի, որի խնդիրն այդ փուլում, փաստորեն, Սահմանադրական դատարանի դեմ իշխանական արշավը լայնորեն սպասարկելն էր։ Ընդ որում, ուշագրավ է, որ Բաբաջանյանի հեռացումը խմբակցությունից ՔՊ-ի համար խնդրահարույց չէր, սակայն երբ պատերազմից հետո իրենց մի քանի կուսակիցներ լքեցին խմբակցությունը, Փաշինյանը նրանց հարցնում էր՝ ո՞վ է ձեզ տվել այդ մանդատը, ո՞ւմ եք ներկայացնում դրանով։
Իրապես օրախնդիր հարցերով, ասենք՝ ԲԴԽ-ի և արդարադատության նախարարի հակաիրավական վարքագծով, արդարամիտ դատավորների նկատմամբ հետապնդումներով, և կամ էլ սահմանամերձ ու սահմանապահ համայնքների բնակիչների խախտված իրավունքների վերականգնմամբ, զբաղվում է խիստ նեղ շրջանակ՝ մարդու իրավունքների գործող պաշտպանը, որոշ ընդդիմադիր պատգամավորներ և հատուկենտ իրավապաշտպաններ ու փաստաբաններ։ Որոշ հասարակական գործիչներ, չնայած դա իրենց իրավասությունը չէ, շատ ավելի մտահոգ ու նախաձեռնող են համակարգային իրավական ամենաթողության հարցով, քան նույնիսկ ընդդիմադիր քաղաքական շրջանակները։ Դե իսկ իշխանության շարքերի մասին խոսելն ավելորդ է, այնտեղ կա բացառապես մեկ օրակարգային հարց՝ հնարավորինս ակնառու ցույց տալ սեփական նվիրվածությունն ու հավատարմությունը Փաշինյանին և ոչ թե պետությանը։