Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին

Որպես քաղաքացի, որպես իրավաբան, ով առնվազն 18 տարի դասավանդել է խափանման միջոց կալանավորման առարկան, ու կազմել ուսումնական ձեռնարկներ կալանավորման մասին, ինչպես նաև վիճարկել կալանավորան բազմաթիվ գործեր Հայաստանում և ՄԻԵԴ-ում՝ առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել, ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը, տեղեկացնում է Aysor.am:

Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը: