ԱՓՍՈՍ ԷՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ընդդիմադիրների ակնկալիքներն ու հույսերը, թե իշխանությունը շուտով փոխվելու է, ծիծաղելի կլինեին, եթե այսքան ողբերգական չլինեին։ Իրականության մեջ մեր հասարակությունը, քաղաքական դաշտը, ռազմական վերնախավը, մյուս ընտրանիները պատժվում են Փաշինյանի տեսակը հանդուրժելու համար։ Նրա շարունակվող իշխանավարումն այն գինն է, որը հանրությունը վճարում է, օրինակ, Քաղաքացու օրը քաղաքի կենտրոնում խորոված անելու և մյուս էժանագին տոնակատարությունների համար։ Պարզ է, որ այսքանից հետո Փաշինյանը ոչ միայն կարդարանա, թե ինչու է պարտությունը «ջարդվել իր գլխին», դեռ մի բան էլ կհպարտանա այդ պարտությամբ։

Պարզապես ափսոս էր փոքրիշատե կայացած պետությունը։ Ցավալի է, երբ միջազգային իրավունքի և դիվանագիտության սկզբունքների մասին տարրական պատկերացում չունենալով՝ Փաշինյանը դիտավորյալ, թե անգիտությամբ հարվածի տակ է դնում Հայաստանի սահմանների անխախտելիությունը և թշնամու կամքով կասկածելի սահմանազատում իրականացնում։ Ադրբեջանից էլ առաջ ընկնելով՝ այս իշխանությունը Սյունիքի կարևորագույն բարձունքները գաղտնի պայմանագրով և բանավոր փոխըմբռնմամբ նվիրեց թշնամուն։ Տավուշցի վարչապետը չգիտի՞, որ իր հայրենի մարզում 1990-ականների սկզբներին թշնամու հետ սահմանը ոչ թե խորհրդային քարտեզով կամ GPS-ով է գծվել, այլ արյունալի մարտերի արդյունքներով, ընդ որում՝ ուժերի այնպիսի գերլարմամբ, որ սահմանապահ բնակավայրերն ու հողատարածքները հնարավորինս անվտանգ լինեն։

Վարանդայի զավթված շրջանում պատերազմից մեկ տարի և երեք ամիս անց դեռևս աճյուններ են որոնում, տասնյակ զոհերի մասունքներ անգամ նույնականացված չեն, իսկ իշխանությունը լկտիաբար Երևան-Ստամբուլ վերաբացված չվերթներն է գովերգում և հեշտանք ապրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր առևտրի մտքից։ Այս տեմպերով՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չսպասելով անգամ սահմանազատման գործընթացի իրականացմանը, կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Բնավ պետք չէ զարմանալ, որ Փաշինյանը համաձայնի անգամ Ալիևի մի հերթական պահանջին, որ խորհրդային Հայաստանի տարբեր շրջաններում՝ Կապանում, Վարդենիսում, Ամասիայում, Մասիսում և այլուր ապրած ադրբեջանցիները վերադառնան։

Հայրենիքն Ադրբեջանին հատվածաբար նվիրող իշխանության այս գործելակերպը նորություն չէ, զարմանալին Փաշինյանի՝ օդում սառած հրաժարականի պահանջին չհետամտելն է, այն դեպքում, երբ անգամ ինքն է հրաշալի հասկանում, որ ավարտված մարդ է։ Ընդդիմությունն արդեն չի էլ վիճարկում կապիտուլյացիոն հայտարարության իրավաչափությունը, կարծես անգամ հաշտվել է դրա իրականացման հետ և երբեմն նույնիսկ հիմնավորում է, որ այն միջազգային պայմանագիր չէ։ Այդ դեպքում ի՞նչ են 2021-ին կնքված մի քանի եռակողմ հայտարարությունները, մի՞թե դրանք ներպետական ընթացակարգեր և պատշաճ իրավական փորձաքննություն չպետք է անցնեն։ Ի՞նչ անուն տալ Վաղարշակ Հարությունյանի գաղտնի հրամանին, որով մեր իսկ տարածքից հետ էինք քաշվում, այն դեպքում, երբ սահմանների փոփոխումը կարող է միայն համապետական հանրաքվեով տեղի ունենալ։

Եթե կապիտուլյացիոն հայտարարությունը պատերազմը դադարեցնելու մասին էր, ապա ի՞նչ բացատրություն ունեն դրան հաջորդած երկու եռակողմ հայտարարությունները, որոնցում որևէ հայանպաստ դրույթ չկար։ Որքան էլ իշխանությունը խաղաղության բացվող դարաշրջանի թեզով փորձեց լղոզել թշնամու պարտադրանքով այդ ամոթալի փաստաթղթերի կնքումը, ողջախոհ մարդկանց համար լիովին ակնհայտ է այդ հայտարարություններից բխող ամբողջ վտանգը, մասնավորապես՝ սահմանազատման, թշնամի պետության տարածքային ամբողջականության ճանաչման և հաղորդակցությունների բացման։ Մնում է՝ ժամանակին բարեխիղճ մոլորության մեջ գտնված և սխալ ընտրություն կատարած, սխալ առաջնորդի հետևից գնացած անձինք ընդունեն սեփական մեղքն ու անեն հնարավորը՝ ազգակործան այս ընթացքը կասեցնելու համար։