Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղը

Ռուսաստանն ու Ֆրանսիան վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նշեցինք ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և օգնում խաղաղ կյանքի հաստատմանը։ Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած իր համատեղ տեսաժողովի արդյունքների մասին»,- ասել է Պուտինը, տեղեկացնում է News.am։

Ֆրանսիայի նախագահն իր հերթին նշել է, որ բանակցությունների ընթացքում խոսվել է մի շարք այլ հարցերի մասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության. «Այստեղ ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ այսօր առավոտյան ազատ է արձակվել ութ բանտարկյալ։ Մեր ֆրանսիական ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար։ Անցած ուրբաթ նախագահներ Ալիևի և Փաշինյանի հետ տեսակապի միջոցով մամուլի ասուլիս հրավիրեցինք, որի ընթացքում բարձրացվեցին անհայտ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցեր, որոնք նույնպես կայունության տարրեր են։ Նախագահ Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք համատեղ տեսակետներ հայտնեցինք մի շարք հարցերի շուրջ։ Կցանկանայի ողջունել ձեր զինվորականների դերը սահմանին Հայաստանի և Ադրբեջանի համար դժվարին ժամանակաշրջանում։ Նաև Մինսկի կոմիտեի առկա պայմանավորվածությունների շրջանակներում թե՛ Ֆրանսիան, թե՛ Ռուսաստանը համապատասխան դերակատարում ունեն»։