Լևոն ՔՈՉԱՐՅԱՆ․ ՄԱՐԴԻԿ ԱՅՍՕՐ ՓԱԿՎԱԾ ԵՆ ԻՐԵՆՑ ՃՇՏԻ ՀԱՄԱՐ
Այսօրվա դատից մեծ սպասելիք չունեմ, իսկ այստեղ գալ, մասնակցելը պետք է: Մարդիկ այսօր փակված են իրենց ճշտի համար, իրենց չընկրկելու, ծնկի չիջնելու պատճառով: Պինդ տղերք են ու չեն վախեցել, չեն կզել: Իրենք էլ պետք է զգան, որ մենակ չեն, մարդիկ կան, որ իրենց մեջքին են, գնահատում են իրենց կեցվածքը, իրենց խիզախությունը: Այս առումով եմ ես նաև կարևոր համարում գալը, Վերաքննիչի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, գրում է «Հրապարակ»-ը։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։ Դատարանի բակում բողոքի ակցիա է մեկնարկել, քաղաքացիները եկել են աջակցություն հայտնելու Առուշանյանին։
«Մեր այն քաղաքացիները, որոնք միգուցե անտարբեր են այս պրոցեսների նկատմամբ, բավականաչափ խորությամբ չեն գիտակցում, թե ինչ վտանգներ է այս ամենն իր մեջ պարունակում, երևի իրենք էլ այս ամենին ուշադրություն դարձնեն ու չհանդուրժեն այս լկտիությունը: Ուղղակի բոլոր չափերն ու սահմաններն անցել են։ Մի խոսքով՝ ընդհանուր դատարանից սպասելիքն արդարադատությունն է, բայց ասել, որ դրա հույսը կա և կոնկրետ այս դատավորից՝ չէ, որովհետև վերջին տարիների մեր դաժան փորձը ցույց է տվել, թե որ դատավորներն են, որ ունեն խիզախություն իրենց գործն անելու, արդարադատություն իրականացնելու, և ովքեր են, որ ենթարկվում են իշխանություններից ճնշումներին, ցանկություններին», - ասել է Քոչարյանը։