Բաղդասարյան․ Դատավորների հետապնդման մասին հայտարարությունների հիմքեր չեմ տեսնում

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը հիմքեր չի տեսնում դատական համակարգի ճգնաժամի մասին պնդումների, առավել ևս՝ դատավորների հետապնդումների մասին հայտարարությունների համար։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ Քոչարյանի և Գևորգյանի գործով չկայացած նիստից հետո։

Բաղդասարյանի կարծիքով՝ նման պնդումներ անելու համար հիմքեր չկան, իսկ դրանց դիմում են այն դեպքերում, երբ սպառվում են պաշտպանության մյուս փաստարկները։ Դատախազության համար «անհարմար» դատավորների ինչ-որ ցուցակի մասին (ցուցակում ավելի քան չորս տասնյակ անուն կա) Բաղդասարյանը նույնպես «առաջին անգամ է լսում»։

Մեր բոլոր նախաձեռնությունները նախատեսված են օրենքով, հավաստիացրել է գլխավոր դատախազի տեղակալը։

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս միանգամից մի քանի դեպքեր վրդովել են դատական հանրույթին՝ դատավոր Բորիս Բախշիյանի ձերբակալությունը, վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի հանդեպ կարգապահական վարույթը նիստին հեռահար մասնակցելու համար՝ կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով և այլն։

Նշենք, որ առաջին քարը «դատական բոստան» նետել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին «վնգստացող» անվանելով և ըստ էության կազմակերպելով դատարանների արգելափակումը, տեղեկացնում է News.am։