Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՋ ԳՆԱԼ

Թուրքական Baykar ընկերությունը մտադիր է Ադրբեջանում անօդաչու սարքերի արտադրություն սկսել։ Հետաքրքրություն է ներկայացնում Akıncı-ը, որը արտադրվում է Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: Այն մասին, թե դա ինչ կարող է նշանակել, վերլուծել է ՄՓՀՀ փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Առաջին. Ադրբեջանն աստիճանաբար սեփական ժամանակակից պաշտպանական համալիր է ստեղծում։ Իսրայելա-ադրբեջանական համատեղ ընկերությունն արդեն հինգ տարի է՝ Բաքվում թողարկում է «Orbiter» տեսակի անօդաչու թռչող սարք։ Շուտով կսկսվի Akıncı ժամանակակից ծանր թուրքական հարվածային անօդաչուների արտադրությունը, որոնք տեխնիկական բնութագրերով գերազանցում են արդեն հայտնի Բայրաքթարերին։

Երկրորդ. դրա հետ մեկտեղ տեղի է ունենում թուրք-ադրբեջանական ինտեգրման տրամաբանական շարունակությունը Շուշիի հռչակագրի ընդունումից հետո։ Հիմա ինստիտուցիոնալ մակարդակով մերձեցում է տեղի ունենում։ Դրա հետ մեկտեղ ընթանում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ինտեգրման գործընթացը։

Երրորդ. Տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանը» թուրքական ձևով շարունակում է առաջ գնալ։ Թվում է, թե ինչու են ժամանակակից ԱԹՍ-ները, երբ «հակամարտությունը լուծված է»։ Այսինքն՝ հակամարտությունը լուծված չէ, ուրեմն Հայաստանը (գուցե Իրանը) Բաքվում շարունակում են դիտարկել որպես սպառնալիքի պոտենցիալ աղբյուր», - գրել է նա իր տելեգրամի ալիքում։

Verelq.am