Իրանը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանով և Ադրբեջանով անցնող ճանապարհներին

Իրանը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանով, Ադրբեջանով անցնող ճանապարհներին։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։

Դեսպանի կարծիքով՝ Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ ճանապարհը կարող է լուրջ հնարավորություններ ստեղծել ոչ միայն Իրանի և Հայաստանի, այլև այն երկրների համար, որոնցով այն անցնելու է։

Նա տեղեկացրել է, որ հարցի իրավական կողմը քննարկման փուլում է, ինչի հետ կապված՝ շուտով հանդիպում տեղի կունենա։

Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», ապա, ինչպես հիշեցրել է դեսպանը, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հայտնել են իրենց դիրքորոշումը։ «Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ճանապարհը ոչ մի կապ չունի (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի – խմբ.) հետ։ Դա առանձին ճանապարհ է»,- նշել է Աբաս Բադախշան Զոհուրին, տեղեկացնում է News.am։