ԾԱՆՐ Է ՔՊ-ԱԿԱՆԻ ԳԼԽԱՐԿԸ

Ընդդիմության առաջնորդների՝ Արցախի հայկականությունն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության մասին թեզերն, իհարկե, կարևոր են, սակայն չեն կարող իրագործելի լինել, քանի դեռ իշխանությունն այդ գծի կրողը չէ։ Իսկ իշխանությունն այդ մասին ոչ միայն չի խոսում, այլև ճիշտ հակառակը՝ պնդում է, թե Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չներառելու մասին մեր պնդումները կարող են վտանգավոր լինել։ Սա տգիտությո՞ւն է, թե՞ դիտավորություն։ Ինչպե՞ս կարող են իշխանական պատգամավորները հետևողականորեն և մեկը մեկից ավելի վտանգահարույց պնդումներ անել, եթե այդ մասին հրահանգավորում կամ պայմանավորվածություն չկա։

Նիկոլ Փաշինյանին մեղքն ու պատասխանատվությունն, այդպիսով, հավասարապես պետք է արտածել նաև նրա շրջապատի, նախևառաջ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների վրա, որոնք ոչ միայն նրան սթափության և առկա իրավիճակին առերեսվելու հորդոր չեն հղում, այլև հլու-հնազանդ կատարում են նրա ամենաանպատիվ հանձնարարականները։ Ցավոք, ընդդիմադիր պատգամավորների մի մասի ակտիվությունը ևս զգալի չէ, հաճախ նրանք պասիվ կամ կրավորական կեցվածք են ցուցաբերում, միգուցե անգամ երկակի խաղի մեջ են իշխանության հետ, այն դեպքում, երբ, իրենց իսկ պնդմամբ, խորհրդարանական հարթակը պետք է պայքարի հիմնական թատերաբեմը դառնար։

Որքան էլ դժվար է, ՔՊ-ական երեսփոխաններին պետք է շարունակաբար հասկացնել, որ այդ խմբակցությունում իրենց ներկայությունը նախևառաջ Փաշինյանին համազոր անհատականացված քաղաքական պատասխանատվություն է նշանակում։ ՔՊ-ական տասնյակ պատգամավորների անուններն անգամ իրենց կուսակից ընկերներին որևէ բան չեն ասում, նրանք աշխատում են չնկատվել, աչքի չընկնել, բայց օգտվում են պատգամավորին հասանելիք բոլոր բարիքներից։ Քաղաքական ընդդիմության դերն, ուրեմն, այդ պորտաբույծների անունները շարունակաբար հնչեցնելն է, նրանց հրապարակային պարսավանքի ենթարկելը, իրենց պատասխանատվության բեռի մասին հիշեցնելը։

Եթե արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը լրագրողների և ժողովրդի հետ իր շփումն իսպառ բացառել է, ՔՊ-ական պատգամավորներն ստիպված են պարբերաբար առնչվել հանրային տարբեր խմբերի հետ։ Նրանք վստահաբար տեսնում ու հասկանում են, որ իրենց իշխանությունը չունի ո՛չ հանրային վստահություն, անգամ կես տարի առաջվա ցուցանիշներն այլևս չկան, ո՛չ էլ այլ երկրների հարգանքն է վայելում։ ՔՊ խմբակցության փոքրաթիվ խելամիտ անդամները նաև գիտակցում են, որ Հայաստանի ինքնիշխանությունն իրապես վտանգված է, և որքան իրենց ղեկավարը մնա պետության ղեկին, այնքան Հայաստանն ավելի կախյալ է դառնալու օտարներից, այդ թվում՝ թշնամիներից։ Եթե ընդդիմությունը հաջողեր իշխանափոխության գործընթաց նախաձեռնել և այլընտրանքային կառավարություն ձևավորել, փորձեր երկիշխանություն հաստատել, ՔՊ խմբակցության անդամների մեծագույն մասը վստահաբար կլքեր խորտակվող նավը։ Ի դեմս այդ փորձի՝ հանրությունն էլ կտեսներ, որ կարող է Փաշինյանից բացի՝ գործուն վարչապետ և կառավարության կազմ լինել։

Տարածաշրջանային գերլարված այս իրավիճակում, ՌԴ-ի շուրջ սեղմվող օղակի պայմաններում իրապես օրախնդիր է, որ Հայաստանը վերջապես ունենա նոր գլխավոր բանակցող և կառավարության նոր կազմ, որն օժտված կլինի ներքին և արտաքին բացարձակ լեգիտիմությամբ, կհարգվի Մոսկվայի և մյուս ուժային կենտրոնների կողմից։ Ռուսական և արևմտյան, էլ չասած՝ թուրքական և ադրբեջանական էլիտաները, մամուլը, փորձագիտական շրջանակները պարզապես արհամարհում կամ ծաղրում են Փաշինյանին, վկան՝ Լուկաշենկոյի վերջին անարգանքը Հայաստանի հասցեին, և պարզ է, որ մեր շահերը հաշվի չեն առնելու այնքան ժամանակ, քանի դեռ այլ մեկը մեր երկիրը չի ներկայացնում։