ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՊԱՂՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչո՞ւ են այլ պետությունների առաջնորդներն արդեն բացեիբաց նման անհարգալից տոնով խոսում Հայաստանի և նրա ժողովրդի մասին։ Իսկ ի՞նչ պիտի ասեին, եթե տեսնում են, որ երկրի գլխին ծանրագույն աղետ բերելուց հետո պարտության խորհրդանիշը հեռացված չէ, և անգամ անցումային վարչապետի առաջադրման հնարավորությունն ու բանակի և պետության համալիր վերականգնման ճանապարհային քարտեզը չեն քննարկվում։ Փոխարենը հայաստանյան իշխանության ղեկին մի վարչախումբ է, որը բնավ ներառական չէ, ոչ մի արհեստավարժ մասնագետ պետական համակարգում աշխատելու ցանկություն չունի։ Խորհրդարանական կամ սահմանադրական ճգնաժամ առաջացնելու, երկիշխանություն կամ անիշխանություն ձևավորելու՝ ընդդիմության փորձերը ևս զգալի չեն և դեռևս անարդյունք են։

Եթե ընդդիմությունը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի շարունակելու պաշտոնավարել, ապա պետք է այդ նպատակի իրագործմանը ծառայեցնի նախևառաջ խորհրդարանական ամբիոնը։ Փոքրամասնություն լինելը բնավ արդարացում չէ, պետք է հասկանալ՝ երբևէ փորձեր արվե՞լ են աշխատելու ՔՊ-ական պատգամավորների հետ, տրոհելու խմբակցությունը, նրանց բերելու այն գիտակցության, որ Փաշինյանն այլևս Հայաստանի անունից բանակցություններ վարելու կարողություն և լեգիտիմություն չունի։ Ի վերջո, եթե առանց արտահերթ ընտրության՝ պատեհ պահին պետք է այս գումարման խորհրդարանը նոր վարչապետ ընտրի, ՔՊ-ական երեսփոխանների հետ անհրաժեշտ է անհատապես աշխատել։ Եթե ոչ, ի՞նչ իմաստ ունի մնալ խորհրդարանում և շարունակաբար կրել մերժված օրինագծերի, մեծամասնության սուլոցների ու հայհոյանքների բեռը։

Մեկ տարի առաջ այս օրերին ՔՊ-ական (այն ժամանակ՝ իմքայլական) պատգամավորներն անգամ փողոց չէին կարողանում դուրս գալ։ 2018-ից ի վեր նրանց կողմից առատորեն քարոզված ատելությունն ու թշնամանքն իրենց դեմ էր շրջվել, բայց զարմանալիորեն վրդովվում էին, որ իրենց անձնական վիրավորանքներ և հայհոյանքներ են հասցնում։ Այն, որ մեկ տարի անց նրանք ոչ միայն անարգել շրջում են քաղաքում՝ չարժանանալով հանրային պարսավանքի, այլև մի բան էլ իրենք են հոխորտում ոչ իրենց կողմնակից քաղաքացիների վրա, նշանակում է, որ պայքարը ցանկալի հանգրվանին հասցնելու համար ընդդիմությունը պետք է էապես վերանայի սեփական մարտավարությունը։

Եթե ընդդիմությունը կարծում է, որ հանրահավաքային պայքարն արդյունավետ չէ, և Փաշինյանին իր իսկ մեթոդներով անհնար է հեռացնել իշխանությունից, ապա ինչո՞ւ վճռականորեն չի գործարկում խորհրդարանական հարթակը, և կամ եթե այն անարդյունավետ է, ինչո՞ւ միասնաբար վայր չի դնում մանդատներն ու առաջացնում ներքաղաքական ու պետական ճգնաժամ։ Ի վերջո, այս երկու գործիքների ճիշտ համադրմամբ հնարավոր է լուրջ պայքարի հասնել։ Քանի դեռ կար փողոցային շարժումը, խորհրդարանում չէր արմատական ընդդիմությունը, իսկ երբ մուտք գործեց ԱԺ, հանրահավաքային ալիքն արդեն ավարտվել էր։ Միգուցե ճիշտ ժամանակն է գարնանն ընդառաջ ի վերջո «գրոհելու» երկու ճակատո՞վ։

Այս ամռանը՝ կառավարության կազմավորումից մեկ տարի անց, հնարավոր կլինի խորհրդարանում անվստահություն հայտնել վարչապետին և նրա կառավարությանը։ Ի՞նչ է անելու ընդդիմությունը նման նախագիծ ներկայացնելու դեպքում, բավարարվելու է միայն սեփական փոքրաթիվ ձայներո՞վ, թե՞ իրապես փորձելու է ներիշխանական ճգնաժամ ստեղծել և օգտվել դրանից։ Շարունակելու է ավանդական հարցուպատասխանի ընթացքում տրված հարցերին ի պատասխան անձնական վիրավորանքնե՞ր լսել, և դա ներկայացնելու է որպես հերոսականության դրսևորո՞ւմ, թե՞ ամեն ինչ անելու է վերջնանպատակին՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար։ Այդ քայլն, ի դեպ, գործընթացի ոչ թե ավարտ, այլ սկիզբ է նշանակելու և բացելու է Հայաստանում նոր և որակապես այլ իշխանության ձևավորման գործընթացը։