Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի կրճատումը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ուկրաինայում ռուսական դիվանագիտական անձնակազմի կրճատման մասին տեղեկատվությունը: Նման որոշում է կայացվել սադրանքների սպառնալիքի կապակցությամբ, նշված է Զախարովայի մեկնաբանության մեջ:

Նա հիշեցրել է, որ ռուս դիվանագետների իբր իրականացված «տարհանման» մասին լուրերը արևմտյան մի շարք պարբերականներում հայտնվել են գրեթե մեկ ամիս առաջ սուրբծննդյան արձակուրդի ժամանակ, երբ ռուս դիվանագետների մի քանի երեխաներ Ուկրաինայում այցելել են իրենց տատիկներին ու պապիկներին:

«Ինչպես մենք այժմ հասկանում ենք, այդ «արտահոսքի» նպատակը եղել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի և այլ երկրների կողմից Ուկրաինայում իրենց դեսպանություններից դիվանագետների ու նրանց ընտանիքների տարհանումը սկսելու համար տեղեկատվական շղարշի ստեղծումը: Երեկ տարհանման մասին հայտարարել է Իսրայելը», - ասել Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվայում հաշվի են առնում այն զգալի ազդեցությունը, որը Վաշինգտոնն ու Լոնդոնն ունեն Կիևի վրա, ու ընդհանուր առմամբ նրանց դերը Ուկրաինայում գործընթացների կառավարման գործում, այդ թվում՝ հրահանգիչների ու սպառազինությունների ուղարկման տեսքով:

Ելնելով դրանից՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում եզրակացնում են, որ ամերիկացի ու բրիտանացի գործընկերները հավանաբար տեղյակ են Ուկրաինայում նախապատրաստվող ուժային ակցիաների մասին, որոնք կարող են էապես բարդացնել անվտանգության ոլորտում ստեղծված իրադրությունը:

«Այս իրավիճակում, վախենալով Կիևի ռեժիմի կամ երրորդ երկրների հնարավոր սադրանքներից, մենք իսկապես որոշում ենք կայացրել Ուկրաինայում ռուսական հաստատությունների հաստիքների որոշ օպտիմալացման մասին։ Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ մեր դեսպանատունն ու հյուպատոսությունները կշարունակեն կատարել իրենց հիմնական գործառույթները», - ընդգծել է Զախարովան, տեղեկացնում է Sputnik Արմենիա։