ՕՐԵՑՕՐ ՆՎԱԶՈՂ ԿԵՆՍԱՏԱՐԱԾՔՆ ՈՒ ԼԿՏԻԱՑՈՂ ԹՇՆԱՄԻՆ
Ռեյ Բրեդբըրիի «Մի կտոր փայտ» պատմվածքում մի դրվագ կա, որում պաշտոնյան ասում է սերժանտին. «Եթե վաղն արթնանայինք, ու պարզվեր, որ զենքերը փոշի են դարձել, համատարած խուճապ կսկսվեր։ Ամեն երկիր կկարծեր, թե ինքն աշխարհում միակն է անզեն մնացել, ու էս աղետի մեղքը թշնամիների վրա կգցեր։ Հետո ինքնասպանությունների ալիք կբարձրանար, տնտեսությունները փուլ կգային, հազար ու մի ողբերգություններ կկատարվեին։ Դրանից հետո կսկսեին նորից, առանց վայրկյան կորցնելու զինվել։ Ուրիշ ճար չլիներ՝ բռունցքներով իրար վրա կհարձակվեին։ Պետական սահմաններին պողպատե փշավոր ձեռնոց հագած մարդկանց հսկա բանակներ կկուտակվեին։ Մարդկությունը կաթվածահար կլիներ ու կվերանար»։
Ասել կուզի՝ համաշխարհային պատմությունն ընդամենը պատերազմների ժամանակագրություն է, և միշտ էլ հաղթող կողմն է գրում պատմությունը։ Հակառակը՝ խաղաղություն աղերսող երկրները սրա-նրա կլիենտ ու վասալ են դառնում՝ խամաճիկային պետություն, և կամ էլ վերանում են պատմության թատերաբեմից։ Օբյեկտիվ իրողությունն այն է, որ վերջին պատերազմում Հայաստանը պարտվել է, և թշնամին, օգտվելով մեր թուլությունից, փորձում է ներսից նվաճել ամբողջ Հայաստանը։ Ադրբեջանի գործը զգալիորեն հեշտացել է, քանի որ անցնող չորս տարում և հատկապես պատերազմից հետո իշխանությունը չի խոսում Արցախի կարգավիճակի կարևորության մասին, փոխարենը՝ երեք կողմերի ժողովուրդների համար ընդունելի լուծման թեզն է առաջ քաշում, որը դեռևս բավարարում է միայն ադրբեջանցի ժողովրդին։
Երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձը վստահաբար չի գիտակցում հայկական երկու պետությունների ինստիտուցիոնալ կարևորությունը հայ ժողովրդի անվտանգ գոյությունն ապահովելու հարցում, ավելին՝ տապալումները մեղքը բարդում է նույն այդ ժողովրդի վրա։ Բանակի վերակառուցման, փլուզումն ու բարոյալքումը հաղթահարելու ուղղությամբ որևէ գործուն քայլ արված չէ, անվտանգության ծառայություններից ամենակենսունակը, թերևս, վարչապետի՝ օրավուր մեծացող թիկնազորն է, և մեկ էլ ոստիկանության այն ստորաբաժանումները, որոնք բանուգործը թողած՝ Փաշինյանի ուժեղացված անվտանգությունն են ապահովում։
Ցավալիորեն, գեներալիտետի և սպայակույտի մեջ էլ պետությունն ամեն ինչից վեր դասող զինվորականներ չգտնվեցին, նրանք իրենց դրսևորեցին որպես շարքային կամակատարներ։ Գեներալական ուսադիրներ կրելը կամ բանակային համազգեստ հագնելը դեռևս զինվորականի պատվի նշան չէ։ Այս ամենից հետո բնավ զարմանալի չէ, որ հաղթած կողմի առաջնորդը զինվորական համազգեստով պարբերաբար Շուշի, Քարվաճառ, Հադրութ և զավթված այլ շրջաններ է այցելում, վայելում իր հաղթանակը և հրամցնում այն սեփական ժողովրդին։ Վերջին հարյուրամյակի մեր պատմությունը՝ սկսած Առաջին աշխարհամարտից ու Առաջին հանրապետությունից, ցավալիորեն նույն սխալների ու վրիպումների, քաղաքական կարճատեսության կրկնությունն է։ Այդ է վկայում և՛ մեր գրականության և արվեստի մեծերի, օրինակ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» հանճարեղ վեպի ընթերցումը, և՛ քաղաքական անցքերի, գործիչների ու անգամ նրանց ելույթների փաստագրական ուսումնասիրությունը։
Այսօր արդեն մեր կենսատարածքից այնքան քիչ է մնացել, եղածից էլ շարունակաբար զիջում ենք, որ հայ ժողովուրդն անվտանգության որևէ երաշխիք չունի։ Սա պետք է որ իրական ու շարունակվող գոյաբանական մղձավանջ լիներ, բայց մեր ժողովուրդը դեռևս չի կարողանում սթափ վերլուծել իրավիճակը, գիտակցել, որ թշնամու հետ բարիդրացիությունը, խաղաղությունն ու հարևանությունն այս փուլում առավել քան անիրատեսական են։ Ադրբեջանն առնվազն երեսուն տարի իր սերունդներին՝ մանկապարտեզից սկսած, թշնամանքով և ատելությամբ է լցրել ամեն հայկականի նկատմամբ, հայասպանությունը խրախուսել ամենաբարձր մակարդակով։ Իսկ մեր ժողովրդի հավաքական հիշողությունը, փաստորեն, այնքան կարճ է, որ չի հիշում ոչ միայն Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, այլև 44-օրյա պատերազմի անգերեզման զոհերին։