Այլընտրանքային նախագծեր խումբ․ ՔՊ-Ն ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ «ԱՊԱԳԱ ԿԱ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Արմինե Բաղդասարյանը գրել է.
««Սիլվայի գործում» երեկ ընթերցվեց մեղադրականը։ Չկար նախկին էնտուզիազմը, բացարձակ չկար։ Եվ նույնիսկ Շուշին ադրբեջանական համարող սոցիալական խավը չցուցաբերեց խանդավառություն. իմ սրտի դատախազ, իմ սրտի վարչապետ, իմ սրտի դատավոր և այլ ձևակերպումները մնացին անցյալում՝ պետության փլատակների տակ։
Մնաց Սիլվան, որը միֆական մի կերպար է, որին դեմքով գրեթե չենք ճանաչում, մնաց դատախազությունը, որն իներցիայով շարունակում է մեղադրականներ կարդալ և մնաց դատավորը, որը «սիրուն հոգի սիրուն մարմնում» դինամիկայի մեջ, հուսանք, մի օր կընդունի, որ այս գործը ծաղր է արդարադատության համար։
Բայց մի բան, այնուհանդերձ, երեկվանից հիշվեց՝ 7-12 տարի. մեղադրանքի այդ հոդվածները հաստատվելու դեպքում նախատեսում են այդքան տարվա ազատազրկում։
Ողբերգությունը քր.օրի հոդվածների մեջ չէ, այլ այն, որ սրանց կառավարման արդյունքում մեր պետության 7-12 տարվա հեռանկարն է կասկածի տակ։
ՔՊ-ն հաջորդ ընտրություններին կարող է գնալ «Ապագա կա՝ Ադրբեջանի կազմում» կարգախոսով, իսկ մենք լռվել ենք 2018-ի հիստերիայի մեջ ու էլի դատախազները նիկոլահպատակ հայացքներով կարդում են մեղադրականներ։
Դատը դեռ մի կողմ. մարդկությունը համակենտրոնացման ճամբարներ և առանց դատ գնդակահարություններ շատ է տեսել /հարցրեք ԵՄ դեսպանին լավ կպատմի/, բայց այս իշխանությունը պետության հեռանկարն իրոք դրել է խոր կասկածի տակ։ Ու պատահական չէ, որ Երևանում դատում են Արցախի նախկին նախագահին, որը ստիպեց Ադրբեջանին՝ հարգել հայկական գործոնը և գնալ խաղաղության, և նույն օրը Ադրբեջանը որոշում է կալանավորել, առևանգել Արցախի գործող նախագահին։
Այս փուլի ավարտը լինելու է այն, որ Ալիևը ստիպելու է իր ու Մեհրիբանի նկարը կախել Հայաստանի նախագահի ու մյուս պաշտոնյաների աշխատասենյակներում։ Ու չկասկածեք, որ կախողների պակաս չի լինելու։ Սիրահոժար կախողների։ Պարտության նկարը եթե հպարտությամբ կախում են, ինչո՞ւ չկախել նրա գաղափարակիցներինը»։