ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
Գերակա ոլորտները հետադիմում են
Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։
իշեցնեմ, որ խոսքը մի փաստաթղթի մասին է, ըստ որի՝ կառավարությունը առաջիկա տարիների տնտեսական զարգացման գլխավոր ուղղություններ է հռչակել շինարարության և գյուղատնտեսության ոլորտները։ Առաջինի դեպքում հիմնական շարժիչ էր ընտրվել էլիտար շինարարությունը, իսկ երկրորդի պարագայում՝ կանեփի արդյունաբերական արտադրությունը։ Երկրի էլիտար-կանեփային տնտեսական ապագայի, մեղմ ասած, կասկածելիության թեմային չենք անդրադառնա։ Բայց այ ուշադրություն դարձնել, թե ինչպես են մեկ տարվա ընթացքում «առաջ շարժվել» կառավարության ծրագրում նշված հիմնական ոլորտներն ընդհանրապես, թերևս իմաստ ունի։
Ասենք ուղղակի. և՛ շինարարության ոլորտում, և՛ առավելևս գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի կառավարությունը 2021-ին արձանագրել է անվերապահ հետընթաց։ Շինարարության մասով դա (հետընթացը) առաջին հայացքից այնքան էլ նկատելի չէ, բայց իրականում կարելի է խոսել ոլորտի էական անկման մասին։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի հունվար-դեկտեմբերին շինարարության ծավալը երկրում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,4%-ով: Ծավալը հաշվարկված է շինարարության ոլորտում ծախսված միլիարդավոր դրամներով։ Կարծես թե տպավորիչ ցուցանիշ է՝ պլյուս նշանով։ Բայց, կրկին իսկ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում շինարարության ոլորտում գրանցվել է գների աճ 13,4% -ով՝ նախորդ տարվա համեմատ։ Նման թանկացման պարագայում շինարարության ծավալի աճը պետք է կազմեր նույն այդ 13,4%-ից ոչ պակաս, որպեսզի մնար 2020-ի մակարդակում։ Իսկ այս դեպքում ակնհայտ է. շինարարության ֆիզիկական ծավալը սաստիկ նվազել է։
Կառավարության վերոնշյալ ծրագրի համատեքստում շինարարության գծով հարկ է ուշադրության առնել նաև այլ ցուցանիշներ։ Խոսքը ֆինանսավորման աղբյուրների մասին է։ Ըստ էության, քանի որ կառավարությունը հռչակել է ոլորտը տնտեսության զարգացման հիմքերից մեկը, ապա գանձարանն էլ պետք է ավելի շատ միջոցներ հատկացնի շինարարության ոլորտին։ Մինչդեռ իրականում Հայաստանի բյուջեն անցած տարի ֆինանսավորել է շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի ընդամենը 30%-ը։ Ամենից շատ ներդրել են մասնավոր կազմակերպությունները (40%) և բնակչությունը (20%)։
Այստեղ նշենք ևս մեկ հետաքրքիր հանգամանք։ Անցած տարի արձանագրվել է շինարարության ոլորտի ֆինանսավորման հսկայական աճ հումանիտար օգնության հաշվին։ Շինարարության ոլորտին հատկացված «հումանիտար» գումարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 3,2 անգամ։ Եվ այս կառավարությունն իրեն թույլ է տալիս հայտարարել, թե ծրագի՞ր ունի։ Եվ այս կառավարությունը կարող է համարել, թե իրականացնում է այդ ծրագի՞րը։
Այժմ՝ գյուղատնտեսության մասին: Այստեղ իրավիճակը համանման է, բայց շատ ավելի վատթար տեսք ունի։ Կանեփի առումով կարծես թե ոչինչ չստացվեց: Համենայնդեպս, այդ ուղղությամբ արված որևէ լուրջ քայլերի մասին հայտնի չէ։ Ավելին, համաձայն նույն պաշտոնական վիճակագրության, նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում բուսաբուծության ծավալը կրճատվել է 3,1%-ով։ Իսկ ընդհանուր առմամբ գյուղատնտեսական մասնահատվածը անկում է ապրել 1%-ով՝ ֆորս-մաժորային, պասիվ 2020-ի համեմատ: Իսկ եթե դրան գումարենք գների աճի առանցքային գործոնը, ապա իրավիճակը կարելի է համարել գրեթե աղետալի: Դատեք ինքներդ. գյուղմթերքի գները անցած տարվա ընթացքում աճել են 8,9%-ով։ Եթե կոպիտ հաշվարկ կատարենք, ապա կարելի է արձանագրել (նշված ցուցանիշների հաշվառումով), որ գյուղմթերքի արտադրության ֆիզիկական ծավալը 2021-ին կրճատվել է մոտ 10%-ով։
Եվ այս ամենը տեղի է ունենում կառավարության ընդունած ծրագրի խորապատկերին, որի շրջանակներում հիմնական ուշադրությունը պետք է հատկացվի գերակա հռչակված երկու ոլորտներին։ Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, թե ներկայիս գործադիր իշխանությունը կընդունի իր հերթական ձախողումը։ Սակայն, դա ակնհայտ է և հաստատված պաշտոնական վիճակագրությամբ։ Անկախ նրանից՝ կընդունեն, թե ոչ։