ՓԱԿ ԱՉՔԵՐՈՎ՝ ՍԵՓԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Այսօր քչերն են հիշում, որ պատերազմի մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում ներկայացնում էր 2050-ին իր պատկերացրած Հայաստանի տեսլականը։ Ստացվեց այնպես, որ դրանից մեկ շաբաթ անց սկսված պատերազմում պարտվելու հետևանքով Հայաստանը հետ շպրտվեց տասնամյակներով և այսօր մեկնարկային շատ ավելի աղետալի վիճակում է, քան անգամ 90-ականների սկզբին էր, երբ հույս ու հավատ կար։ Եթե մինչև 44-օրյա պատերազմը կարծում էինք՝ անհաղթ ենք, առատորեն կերակրվում էինք մեր հորինած առասպելներով, հավատում դրանց, շուտով պարզվեց՝ մի ամբողջ ժողովրդի հավաքական ճակատագիրը հեշտությամբ՝ առանց դույզն-ինչ կշռադատելու, կարող ենք վստահել ամենավերջին արկածախնդիրին։

Քչերն են հիշում նաեվ, որ դեռևս մինչեվ պատերազմը Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր իբր Արցախում առկա դավադիր ուժերի մասին, որոնք փորձելու են պատերազմ հրահրել և մեղքը բարդել իր վրա։ Կառավարության նիստերին նա ԱԱԾ-ին հրահանգ էր իջեցնում սատանաներ որսալ, սևազգեստ անձանց բերման ենթարկել։ Իր այդ անհեթեթ մտքերով նա ի՞նչ մտադրություններ էր քողարկում։ Երբեմն պետք է հետահայաց հասկանալ, թե ինչ թաքուն ծրագրեր կարող են լինել արտաքնապես անմեղ և անգամ ծիծաղելի թվացող խոսքերի տակ։

Պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը սիրում էր խոսել այսպես կոչված «Չորրորդ հանրապետության» մասին, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ժառանգած երկիրը համարել էր «Նոր Հայաստան»։ Ո՞րն է այդ Հայաստանի հայտանիշը՝ հազարավոր երիտասարդների զոհաբերո՞ւմը, թե՞ նրանց արյունն ու կյանքերը պաշտոնապես ուրանալը, այդ էջը փակելն ու թշնամու հետ բարեկամություն սկսելը։ Միգուցե Արմեն Սարգսյանն իր հետ տարա՞վ այդպես էլ չհռչակված «Չորրորդ Հանրապետության» կնիքը։ Վարչապետի կամակատար աշխատելուց, նրա հրաժարականը պահանջելուց, ապա նոր նախարարների նշանակման հրամանագրերը լռելյայն ստորագրելուց բացի՝ ինչո՞վ աչքի ընկավ հյուրախաղերի եկած այդ պաշտոնյան։

Հայաստանը գնալով նմանվում է այն ինքնասպանին, որը փակ աչքերով ընդառաջ է գնում իր կործանմանը։ Ընդ որում, այս ողբերգական և ամոթալի վիճակը շատ ավելի նկատելի է դրսից՝ արտերկրից։ Այսօր Հայաստանում իրականացվում է պետական խարդավանք՝ թուրք-ադրբեջանական ծրագրի սպասարկում։ Եթե հայկական կողմը թշնամու նպատակները սեփական ձեռքով իրականացնելը քողարկում է խաղաղության դարաշրջան բացելու մասին ստերով, Էրդողանն ու Ալիևը բավական անկեղծ են իրենց մղումներում և չեն էլ փորձում թաքցնել դրանք։ Զավթված Ակնայում Ալիևն, օրինակ, օրերս հերթական անգամ կրկնեց, որ նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում «ադրբեջանցիները չպետք է ներեն հայերին իրենց կատարած հանցանքների համար»։ Դահիճը զոհ է խաղում, իսկ զոհը դահճի բարեկամությունն է խնդրում և ձեռքն է համբուրում։

Մեր հանրության մի մասը դեռևս շարունակում է իներցիայով ապրել և լռել, թեև մյուս կողմից էլ տեսնում է, որ խելամիտ մարդկանց շրջանում այս իշխանության կողմնակից լինելը պարզապես ամոթալի է։ Որևէ բանի հավատ չընծայելն ու որևէ մեկի հետ հույս չկապելն ամենավտանգավոր ազգային հոգեվիճակն է, որից պետք է ելք գտնել։ Պատերազմից հետո երկրից ծայր առած արտագաղթի ալիքը, հատկապես մտավոր ներուժի արտահոսքը, պետության ապագան դարձնում է անհեռանկար, իշխանափոխության և նոր ազգային ընտրանու ձևավորման հնարավորությունը՝ մշուշոտ։ Կառավարությունը շարունակում է ազգային աղետի մեղավորներին որոնել իրենից դուրս։ Ցավոք, դեռևս մեղավորների փնտրտուքով են զբաղված նաև ընդդիմության շարքերում, մինչդեռ խելացի գործելու դեպքում պետք է նախևառաջ իրավիճակից ելքեր փնտրել և հանգուցալուծում առաջարկել։