Մարտակերտցիները Քարվաճառի ճանապարհն այդպես էլ չեն բացել

Ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյունը, որի ճանապարհն այսօր՝ փետրվարի 17–ին, Մարտակերտի Մազավուզ գյուղի մոտ փակել էին Արցախի բնակիչները, ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով, քանի որ տեղացիները Քարվաճառ տանող ճանապարհն այդպես էլ չեն բացել։

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ արցախցիները նման կերպ իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ։ Գյուղացիները բորբոքված են, քանի որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից հենց Մազավուզ գյուղի մոտակա դիրքում էր վիրավորվել ժամկետային հայ զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։

«Գյուղացիները պահանջում էին չկրակել հայկական դիրքերի ուղղությամբ և չթիրախավորել խաղաղ բնակչությանը։ Պահանջում են նաև, որ ադրբեջանցիներն իրենց չխանգարեն գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Արոտավայրերը, որտեղ մեր գյուղացիներն աշխատանքներ են իրականացնում, շփման գծին շատ մոտ են՝ մի քանի մետրի հեռավորությամբ։ Իրենք էլ գոռուն-գոչյունով հարձակվում են ու թույլ չեն տալիս, որ իրենք իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարեն»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ադրբեջանցիները վերջին օրերին կրակել էին ոչ միայն շփման գծի ուղղությամբ՝ վիրավորելով հայ զինծառայողին, այլև թիրախավորել էին խաղաղ բնակչությանը։ Օրեր առաջ ադրբեջանցիները կրակել էին Մարտակերտի շրջանում շփման գծի մոտ գտնվող հողամասում աշխատող հայ գյուղացիների ուղղությամբ։

Կրակոցներից վնասվել էր հողամասում գտնվող տրակտորի անվադողը։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, ադրբեջանցի զինծառայողները գյուղացիներին զենքի սպառնալիքով թույլ չէին տվել այդ տարածք մտնել։ Բոլոր միջադեպերի ժամանակ ներկա էին եղել ռուս խաղաղապահները։

Ըստ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ խաղաղապահների ներկայությունը ոչ միայն չի զսպում ադրբեջանցիներին, այլև լինում են դեպքեր, երբ խաղապահները ստիպված իրենք են խնդրում գյուղացիներին դադարեցնել հողամասում աշխատանքները, որովհետև հասկանում են, որ ադրբեջացիները կարող են ամեն պահի անկառավարելի դառնալ։ Այսօր նույնպես ռուս խաղաղապահները ուղեկցելիս են եղել ադրբեջանական շարասյանը, երբ հայ գյուղացիները փակել են ճանապարհը։

«Խաղաղապահները գյուղացիներին հորդորել են բացել ճանապարհը, բայց նրանք չեն համաձայնել՝ ասելով, որ դա իրենց մեսիջն է ադրբեջանցիներին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։