ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Այն մասին, որ այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել պատմական գիտությունների դոկտոր Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻ «Ադրբեջանի Էթնոազգային քաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» գրքի շնորհանդեսը, «Գոլոս Արմենիի»- ի ընթերցողներն արդեն տեղյակ են: Այդ մասին նույն օրը հաղորդել են նաև հանրապետության գործնականում մյուս բոլոր լրատվական գործակալությունները։ Չէ՞ որ մենագրության հեղինակը հայտնի է ոչ միայն հայկական իսթեբլիշմենտին։ Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության արտգործնախարարն է։
Մեծ չափազանցություն չի լինի ասել, որ նա միջազգային մասշտաբով չճանաչված (դեռևս) երկրի ամենաակտիվ պետական գործիչներից մեկն է. այն երկրի, որն այսօր բնավ ոչ իր մեղքով ապրում է քաղաքական կերպափոխման հերթական համաղետը, որը սրվում է ինչպես համաշխարհային քաղաքականության մեջ ընթացող տեկտոնիկ շարժերով, այնպես էլ ներքին քաղաքականության ցավոտ-անոմալ գործընթացներով, նկատի առնելով միայն ու միայն Հայաստանը։ Քանզի բուն Արցախում, եթե բացառենք նրա պետական աստիճանակարգի առանձին անձանց, որոնք կամա թե ակամա ներգրավված են հայաստանյան նույն այդ անոմալ գործընթացներում, ընդհանուր առմամբ արցախյան հասարակությունն իր մեջ և իր համար պահպանում է այն խոհեմ տրամադրվածությունը, որի բովանդակալիությունը, նույնիսկ Արցախյան երրորդ պատերազմից հետո ստեղծված սոցիալ-տնտեսական կենսապայմաններում, իսպառ զուրկ է պարտվողականության փիլիսոփայությունից իր հետագա ճակատագրի գիտակցման հարցում։ Ասենք՝ նաև էժանագին պոպուլիզմից, որն այսօր այնքան բնորոշ է Հայաստանի իշխանավորներին։ Արցախում միշտ էլ նախընտրել և նախընտրում են գործուն կերպով իմաստավորել առկա իրականությունը, զարգացման որ փուլում էլ որ լինի նույն այդ իրականությունը։
Գոյաբանական կեցության հենց այդ փիլիսոփայության մասին ոչ այնքան վաղուց իր հարցազրույցներից մեկում խոսեց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ «Արցախի Հանրապետության բնակիչները ոչ մի կերպ չեն փոխել իրենց վերաբերմունքը իրենց ապագայի նկատմամբ», և «մենք ինքներս և միայն ինքներս կորոշենք մեր ապագան»։ Դա նախևառաջ նշանակում է, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, քանի դեռ վերջինս գոյություն ունի աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Բացի այդ և առավելևս՝ Արցախը երբեք չի հրաժարվի իր պատմական տարածքներից, որոնք ներկայումս բռնազավթված են Ադրբեջանի կողմից։ Խոսքը միայն գրավյալ Հադրութի շրջանի և Շուշիի մասին չէ։ Եվ նույնիսկ ոչ միայն Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի, որոնք ԼՂՀ տարածքի մաս են հռչակվել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։ Աշխարհագրությունը Արցախի կենսական և իրավական գոյափիլիսոփայության մեջ շատ ավելի լայն է պատկերանում՝ այն սահմաններով, որոնք առավել համապատասխանում են պատմական ճշմարտությանը... Մինչև վերջին պատերազմը այդ սահմաններն ամրագրված էին Արցախի Հանրապետության 2017 թվականի Սահմանադրության մեջ։ Դա 175-րդ հոդվածն է, որն ասում է. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»։
Այդ «փաստացի» տարածքները, ավաղ, այսօր գտնվում են ադրբեջանական ռազմական ուժերի վերահսկողության տակ։ Ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, թե դրանք, լինելով սահմանադրորեն ամրագրված, դադարում են ի բնե արցախյան լինել բռնազավթման պատճառով։ Ի դեպ, այդ մասին է վկայում նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վերջերս հրապարակած օրինագիծը «Օկուպացված տարածքների մասին», որը սահմանում է բոլոր երեք պատերազմների ընթացքում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը։ Սակայն, մեկ անգամ ևս՝ ի դեպ. օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությամբ, որն իբր ավելի համապատասխանեցված կլինի պետականաշինության այսօրվա փուլին՝ 44-օրյա արյունահեղ պատերազմից հետո, որի արդյունքներից մեկը (sic!) «տարածաշրջանում ռուսաստանյան ռազմական ներկայության կտրուկ զորացումն է»: Թե ինչ նկատի ուներ Արցախի ներկայիս նախագահը՝ խոսելով պատերազմի արդյունքներին «համապատասխանեցնելու» մասին, առայժմ դժվար է ասել։ Սա առանձին խոսակցության թեմա է, որն արդեն սկսվել է «Անալիտիկոն» պարբերականի էջերում։ Մասնավորապես, ծանոթացնելով թեմային, այնտեղ գրում են. «…Ակնհայտ է, որ չճանաչված պետությունում իշխանությունների ազդարարած և արդեն իսկ ներքաղաքական բանավեճերի տեղիք տված սահմանադրական փոփոխությունները չեն կարող մի այնպիսի յուրօրինակ համադարման դառնալ, որը թույլ կտա ազատվել հետպատերազմյան բոլոր աղետներից ու անորոշություններից»:
Բրավո՛։ Թեև կարելի է հավելել՝ առավել ևս Արցախ պետության ապագա սահմաններին վերաբերող «անորոշություններից»։ Իսկ գուցե այստեղ խառն է սատանայի մա՞տը. «ռազմական ներկայության կտրուկ զորացման» սոուսի տակ ամրագրելու Արցախի ներկայիս սաստիկ կրճատված սահմանները։ Կապրենք՝ կտեսնենք։
Իսկ հիմա վերադառնանք նրան, ինչից սկսեցինք. Դավիթ Բաբայանի մենագրությանը, քանզի այն ամենաանմիջական կապ ունի վերն ասված ամենի հետ։ Խոսքը ներկայիս Ադրբեջանի էթնոքաղաքական առանձնահատկությունների մասին է, որը, ինչպես գրում է մենագրության հեղինակը, «պետականության բավական յուրահատուկ պատմություն ունեցող երկիր է»։ Այդ յուրահատկությունը դեռևս անցած դարասկզբին դիպուկ նկատել է սպիտակ գեներալ Անտոն Դենիկինը: Դա «գլոբալ և տարածաշրջանային դերակատարների աշխարհաքաղաքական պայքարի» արդյունքում թուրքական սվիններով ստեղծված այդ հանրապետության արհեստականությունն է, որին ծնունդ է տվել, ինչպես հավաստում է Դ.Բաբայանը, ԽՍՀՄ-ի քաղաքական, մտավոր և կազմակերպչական ներուժը։ Հենց այդ աշխարհաքաղաքական կուլբիտի վերջնական արդյունքն էլ դարձավ «աշխարհի քարտեզի վրա առանձին ադրբեջանական ազգի ի հայտ գալը 1936 թվականին»։ Դ.Բաբայանը գրում է, որ «նոր ադրբեջանական ազգի ստեղծումը համամիութենական աշխարհաքաղաքական գործընթաց էր, աշխարհաքաղաքական առանցքային նախագծերից մեկը ԽՍՀՄ ողջ պատմության մեջ»: Դա, այսպես ասած, «վերևից» իրականացվող գործընթաց էր։ Ինչի արդյունքում էլ առաջացավ «ներքևից» տարվող գործընթացը, այսինքն «էթնոազգային գործընթացները, որոնք բնորոշվում էին ազգային ինքնության խորքային և արմատական վերափոխումներով, նոր ժողովուրդների ձևավորմամբ, մյուսների վերացումով, միաձուլման քաղաքականության դեմ տարբեր ժողովուրդների պայքարով և այլն»։
«Եղբայրական ժողովուրդների» խորհրդային կայսրությունում ադրբեջանական նոր ազգի ստեղծման աշխարհաքաղաքական կարևորությունը գիտնականի մենագրության թեման չէ։ Եվ ոչ էլ սույն հոդվածի։ Սակայն, ըստ երևույթին, պետք է նշել այնուամենայնիվ մի կարևոր հանգամանք, որ նկատել է հեղինակը. Նա գրում է, որ « եթե 1918-ին ստեղծվեց տվյալ պետությունը, և այդ փաստը նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության մեջ, ապա 1920-ին այդ ձևավորումը պահպանվեց՝ չնայած կար բոլշևիկների կողմից դրա ապասարման հնարավորություն»։ Ցավոք, դա տեղի չունեցավ, և «Ադրբեջանի գոյությանն ու զարգացմանը այլևս վտանգ չէր սպառնում»։ Հատկապես 1933 թվականին Գերմանիայում Հիտլերի իշխանության գալուց հետո։ «Ակնհայտ դարձավ,- գրում է Դավիթ Բաբայանը,- որ նոր համաշխարհային պատերազմն անխուսափելի է։ Խորհրդային Միությունը պետք է նախապատրաստվեր նոր պատերազմին ոչ միայն ռազմական, այլև աշխարհաքաղաքական ոլորտում, մասնավորապես՝ դրա էթնոքաղաքական հարթությունում»։
Ինչ վերաբերում է ռազմական (տնտեսական) ոլորտին, ապա այդտեղ առանձնահատուկ կարևորություն ուներ նավթաբեր Բաքուն, նորահայտ Ադրբեջանի մայրաքաղաքը. ԽՍՀՄ-ի միակ հանրապետության, որի անվանումը չէր առաջացել պետություն ձևավորած ժողովրդի անվանումից, քանզի «ադրբեջանցիներ» կոչվող ազգ պարզապես գոյություն չուներ։ Ճիշտ է, ադրբեջանցի թյուրքերը թվաքանակով փոքր-ինչ գերազանցում էին մնացյալ միագումար էթնոսին. նրանք կազմում էին նորաստեղծ հանրապետության ողջ բնակչության մոտ 51 տոկոսը։ Եվ ահա մեկ տոկոս առավելություն ունեցող «ադրբեջանական թյուրքերի» այդ էթնիկ խումբը զգալի վտանգ էր ներկայացնում Կրեմլի համար, «քանի որ կարող էր հեշտությամբ դաշինք կազմել Թուրքիայի հետ, ինչպես դա տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»։ Դ.Բաբայանը գրում է. «Հաշվի առնելով Գերմանիայի և Թուրքիայի ավանդական սերտ կապերը, ինչպես նաև 1918-ին Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները, Խորհրդային Միությունը որոշում կայացրեց ձևավորել նոր ազգ։ «Կովկասյան թաթարների» վերակենդանացումն արդեն անհնար էր, ուստի որոշվեց ստեղծել «ադրբեջանական» ազգ»։
Եվ սկսվեց «ադրբեջանացման» գործընթացը։ Արագացված տեմպերով։ «Ընդ որում,- գրում է Դ.Բաբայանը,- եթե առաջին փուլում տարբեր ազգերի ներկայացուցիչների պարզապես գրանցում էին որպես ադրբեջանցիների, ապա դրանից հետո պետք էր արդեն միաձուլման նպատակաուղղված, տքնաջան աշխատանք տանել՝ կտրելով արմատներից, փոխելով ավանդական ինքնությունը և սերմանելով նորը»:
Սակայն ժողովուրդների ուծացման գործընթացը տարբեր կերպ էր ընթանում։ Ոմանք, ինչպիսիք քրդերն ու թաթերն են, լուծվելով «ադրբեջանական նոր թյուրքական զանգվածի մեջ», առաջատար դիրքեր զբաղեցրեցին պետության քաղաքական, մշակութային, տնտեսական ոլորտներում։ Ավելին. դարձան այդ էլիտայի մասը։ Դրա վառ օրինակը էթնիկ քուրդ Հեյդար Ալիևի ընտանիքն է։ Այլ ժողովուրդներ, ինչպիսիք են թալիշները, լեզգիներն ու ավարները, «հակառակը, պահպանեցին իրենց ազգային ինքնությունը և մինչ օրս պայքարում են իրենց իրավունքների համար»։
Դոկտոր Դ.Բաբայանի այս մենագրության շրջանակներում դիտարկվում են հենց այդ, առավել մեծաթիվ, կոմպակտ ապրող ժողովուրդները, որոնք իրենցից ներկայացնում են Ադրբեջանի ազգային փոքրամասնություններ: Առաջին մասում դիտարկված է քրդերի և թաթերի արձագանքը՝ որպես միաձուլման կամ ինտեգրման չափազանց յուրահատուկ օրինակ, երկրորդ մասում՝ թալիշների, լեզգիների և ավարների, որպես ձուլմանը ցուցաբերվող հակազդեցության ռազմավարություն։
Այս գործընթացների ուսումնասիրությունը, դոկտոր Դ.Բաբայանի համոզմամբ, չափազանց կարևոր է ինչպես պատմական և գիտական, այնպես էլ քաղաքական ու կիրառական տեսանկյուններից: Հենց կիրառական կետերից մեկը պետք է դառնա Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ակտիվ պայքարն իրենց քաղաքական իրավունքների համար՝ բառի ամենալայն իմաստով։ Մեծ հաշվով՝ բռնի ուծացված ժողովուրդներին ի շրջանս յուր վերադարձնելու համար։ Առանց Ադրբեջանի՝ որպես պետության։ Խնդիրն, իհարկե, ամենևին էլ դյուրին չէ։ Սակայն անհրաժեշտ է։ Դավիթ Բաբայանի մենագրությունը կարծես թե հենց դրա կոչն է անում։ Թեկուզև սքողված։