ԱՄՆ փոխդեսպան Բարթ Հորմանը արտաքսվել է Ռուսաստանից

ԱՄՆ Պետդեպարտամենտը հինգշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները որոշել են Ռուսաստանից արտաքսել դեսպանի տեղակալ Բարթ Հորմանին, այսինքն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական կոչումով երկրորդ մարդուն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ռուսաստանի այս գործողությունները... անհիմն են, մենք դա գնահատում ենք որպես քայլ դեպի էսկալացիա և կդիտարկենք մեր պատասխան գործողությունները»,- հայտնել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից։

Ռուսաստանի իշխանությունների որոշման պատճառների լիարժեք հստակություն առայժմ չկա, սակայն այն ընդունվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սրման ֆոնին, որի սահմանների մոտ այժմ կենտրոնացած են ավելի քան 150 000 ռուսական զորքեր։

Զուգահեռաբար ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկումներ են անցկացնում երկու պետությունների մայրաքաղաքներում իրենց դիվանագիտական առաքելությունների ներկայության ու աշխատանքի շուրջ։ Կրեմլն անցած դեկտեմբերին հայտարարել էր, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ամերիկացի աշխատակիցները, ովքեր այնտեղ աշխատել են ավելի քան երեք տարի, պետք է հետ ուղարկվեն ԱՄՆ:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ԱՄՆ դիվանագետների և այլ աշխատակիցների անհիմն արտաքսումները և փոխարենը արդյունավետ աշխատել՝ մեր [դիվանագիտական] առաքելությունների գործառույթները վերականգնելու համար։ Այժմ մեր կառավարությունների միջև շփումներն ապահովելու համար դիվանագիտական անձնակազմ ունենալը, ավելի քան երբևէ, ծայրահեղ կարևոր է»,- ասել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է News.am: