ԻՍՊԱՌ ԶՈՒՐԿ ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄԻՑ

Ո՞րն է 1994-ին պարտված Ադրբեջանի և 2020-ին պարտված Հայաստանի միջև կարևորագույն տարբերությունը։ Երկու դեպքում էլ պարտվող կողմի մոտ զոհի հոգեբանություն է ձևավորվել, սակայն զոհն էլ հոգեբանության մեջ տեսակավորում ունի։ Ծանր կորուստներից հետո մեկը պատրաստ է հաղթողի կամակատարը դառնալու, մյուսը պարտությունը վերջնական չի համարում և փորձում է շտկել ողնաշարն ու նախապատրաստվել ռևանշի։

Եթե 1994-ից ի վեր եվ հատկապես Իլհամ Ալիևի իշխանության գալով Ադրբեջանը թույլ չտվեց, որ իր ժողովուրդը համակերպվի դառը պարտության հետ՝ խոստանալով սրբագրել առաջին արցախյան պատերազմի արդյունքները, գործող վարչախումբն անում է ճիշտ հակառակը՝ մեր մեջ հետևողականորեն սերմանելով գետնատարած, ստորացած, նվաստ զոհի կերպարը, որին թշնամին պարզապես ոտնատակ կտա։

Շուշին դժբախտ և դժգույն համարելը, Արցախը դե յուրե Ադրբեջանի կազմում բանավոր ճանաչելը, Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին հողակտորներ երանելի անհոգությամբ թշնամուն նվիրելը և Փաշինյանի տասնյակ այլ քայլեր ու խոսքեր վկայում են, որ հետպատերազմյան ժամանակահատվածը ոչ թե վերականգնման ու ապագա հաղթանակների նախապատրաստման, այլ նորանոր զիջումների ընթացք է։ Վերջին չորս տարում իրար հաջորդած համատարած դժբախտությունները, քաոտիկ երևույթները, հուսավառությունը, ապա տոտալ հիասթափությունը բերել են հանրային դիմադրողականության կտրուկ անկման, և այսօր չափազանց քչերն են իրապես հետաքրքրված երկարաժամկետ ազգային հեռանկարով ու պետության ճակատագրով։

2018-ին իշխանափոխության դուրս եկած տասնյակ հազարավոր քաղաքացիներին իրապես թվում էր, թե իրենք պատմություն են կերտում, նոր էջ են բացում, մինչդեռ կարճ ժամանակ անց նրանք հասկացան, ոմանք անգամ իրենք իրենց խոստովանեցին, որ լրջորեն խաբվել են։ Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունը՝ խիստ մտածված և հատուկ ընտրված տեխնոլոգիաներով, անգամ շատ իմաստուն մարդկանց մոլորեցրեց, գցեց նախ ստի որոգայթը, ապա՝ խոր ընկճախտի գիրկը։ Միայն հոգեբանորեն կոփված, բավարար կենսափորձ և իմաստնություն ունեցող մարդիկ քաջություն ունեցան խոստովանելու, որ սխալվել են, և պայքարելու իրենց իսկ սխալի արդյունքում պետության ղեկն ստանձնած աղետի դեմ։

Սխալվելը հատուկ է մարդկային բնությանը, բոլորն էլ ինչ-ինչ հանգամանքներում սխալվում են։ Առանձնահատուկ կարևոր և բնորոշիչ է սեփական սխալն ընդունելու ունակությունը։ Մեղքի զգացումը ևս խիստ մարդկային հոգեվիճակ է, և եթե անձը բարոյապես կայուն է, նրա մեջ պետք է որ պարբերաբար ներում հայցելու և խղճի խայթի զգացողություն արթնանա։ Օրինակ, թյուրք էթնոսը՝ թուրքերը և նրանց կովկասյան տարատեսակություն ադրբեջանցիները, հայ ժողովրդի դեմ վերջին մեկուկես դարում իրականացրած մի քանի ցեղասպանություններից հետո ոչ միայն մեղքի զգացողություն չունեն, այլև փափագում են ավարտին հասցնել իրենց վաղեմի երազանքը։

Սարսափելին, սակայն, ոչ թե դա է, այլ այն, որ հայաստանյան իշխանությունը ևս զուրկ է մեղքի զգացումից։ Փաշինյանի վարչախումբը բնավ խղճի խայթ չի զգում հայրենազրկման և մի ամբողջ սերնդի զոհաբերման համար։ Դրա ապացույցը Փաշինյանի և թիմակիցների՝ երիտասարդ սերնդի արյան գնով տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին շարունակական պնդումներն են։ Իսկ թուլացած զգոնությամբ ժողովրդի թիկունքում կարելի է իրագործել ինչ ասես՝ գործակալական ցանցը կարող է ներդրվել դրա մեջ, իշխանափոխություն իրականացնել, ապա դավադիր պատերազմի մեջ ներքաշվել և հայրենիք հանձնել՝ այդպիսով կյանքի կոչելով վաղեմի պանթուրանական ծրագիրը, ինչն արվեց և դեռևս անարգել շարունակվում է։