«Ժողովուրդ»․ ՀԱՅՏՆԻ Է` ԱԺ-Ն ԵՐԲ ԿԸՆՏՐԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ազգային ժողովը ՀՀ նախագահ կընտրի մարտի 1-ից գումարվող հերթական նստաշրջանում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ իշխանությունը նպատակադրվել է ընտրությունն անցկացնել մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, չի բացառվում՝ հենց մարտի 3-ին:

«Իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ և դիմել է ընդդիմության օգնությունը, սակայն նրանց մտադրությունը չի հաջողություն չի ունեցել։ Ըստ էության, նրանք արդեն հասկացել են, որ նախագահն առաջին փուլով չի ընտրվի»,–գրում է թերթը:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն, իսկ մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: Առանց ընդդիմության 10 ձայնի, նախագահի թեկնածուն չի ընտրվի:

Օրենսդիրը նախատեսել է, որ արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով՝ այս դեպքում 64 ձայներով, և ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախատեսված է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնել մարտի 14-15-ին։ «Դա էլ ենթադրում է, որ արագ պետք է կազմակերպեն ընտրության երկրորդ փորձը, այսինքն՝ ՀՀ նախագահի ձախողված ընտրության փորձից անմիջապես հետո կլինի 2-րդ փուլը, և նախատեսված է նախագահի ընտրությունն ավարտել մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում»,–գրում է թերթը:

Sputnik Արմենիա