GeoProMining Gold-ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՆՔԱՔԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՄԲ

GeoProMining Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրն ու Արարատի ոսկու կորզման գործարանը, 2021 թվականն ավարտել է՝ ըստ նախատեսված պլանի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այժմ ընկերությունը շարունակում է աշխատել տեխնիկական նախագծերի վրա, որոնք ուղղված են քարհանքի աշխատանքի վերակազմակերպմանը:

Ընկերությունը տեխնիկապես և լոգիստիկ փոխում է հանքավայրի դիզայնը, ինչպես նաև իրականացնում է հանքավայրի լրացուցիչ հետախուզում՝ արդյունահանումը շարունակելու համար: 2022 արտադրական տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է սկսել հանքաքարի մասնակի արդյունահանում ստորգետնյա արդյունահանմամբ: Հանքի ստորգետնյա մշակման տեխնիկատնտեսական հիմնավորումն ընդհանուր առմամբ գնահատվում է ավելի քան 20մլն դոլար:

2021թ.-ին ընկերությունը 5մլն դոլար է հատկացրել հանքի վերակազմավորմանը, իսկ ընթացիկ տարի նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել մոտ 10մլն դոլար:

Ընկերությանը հաջողվել է պահպանել արդյունահանման ծավալներն ու ապահովել պլանավորված երկաթուղային փոխադրումները: Հանքավայրում ոսկու պարունակությունը միջինը 3-4 գրամ է մեկ տոննա սուլֆիդային հանքաքարում և 1-1,5 գրամ՝ գաբրո զանգվածում:

Այս պահին ձեռնարկությունում աշխատում է 1350 մարդ, որոնցից Սոթքի հանքավայրում աշխատում է 792 մարդ և 496 աշխատակից՝ Արարատի ոսկու կորզման գործարանում:

2021թ.-ին GeoProMining Gold ընկերությունը ՀՀ պետբյուջե է վճարել շուրջ 21մլրդ դրամ՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում ($1 - 478.38 դրամ):

Основная тема:
Теги: