Բողոքի մասնակից․ Եթե ամեն ինչ այսպես մնաց, սա տանելու է անհնազանդությունների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բնականաբար բողոքի ակցիաները շարունակվելու են, և եթե ամեն ինչ այսպես մնաց, սա տանելու է անհնազանդությունների: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, Երևանում ավտոապահովագրողների բյուրոյի շենքի մոտ վարորդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

 

Նշենք, որ վարորդները պահանջում են չբարձրացնել ԱՊՊԱ վճարները:

Դիտարկմանը, որ ավտոապահովագրողների բյուրոն առաջարկել է վարորդներին սեփական առաջարկները ներկայացնել խնդրի կարգավորման համար, ակցիայի մասնակիցն ասաց. «Ես առաջարկել եմ. իմ կարծիքով վթարների մեծ քանակը գալիս է մարդկանց ոչ գիտակ լինելուց: Ես երբ տնից դուրս եմ գալիս, չեմ ուզում մեքենաս տանեմ կոտրեմ, բայց եթե ես չգիտեմ, որ ես չեմ կարող հոծ գծից շրջադարձ անել, գնում եմ, շրջադարձ եմ անում, մեքենան ջարդում եմ: Եկեք մարդկանց գիտելիք տանք, հետո պահանջենք:

Դեռ համբերատար պահանջում ենք չբարձրացնել վճարը, բայց նորից եմ կրկնում, սա դառնալու է անհնազանդություն, ու թող ոչ մեկը չմտածի, թե շանտաժ եմ անում: Ուղակի տեղեկացնում եմ, որ խելքները գլուխները հավաքեն, տեղներից շարժվեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՊՊԱ վճարների բարձրացումն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից: Հունվարի 31-ին, փետրվարի 3-ին ու փետրվարի 7-ին ևս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում և ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին:

Նշենք, որ ըստ այդ փոփոխությունների ԱՊՊԱ-ի վճարը թանկանում է 3 հազար դրամով: Բացի դրանից, եթե վթար է լինում, որի վնասը անցնում է 1 մլն դրամը, ապա մալուսային համակարգը բարձանում է ութ դասով: Մալուսային համակարգի ամենաբարձր շեմը 300 տոկոսն է։