Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԸ ՉԵԶՈՔԱՑՐԵԼ, ՎԵՐԱՑՐԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը համոզված է՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում կատարած փոփոխություններն ու լրացումները երկար կյանք չեն ունենա, իսկ դրանց վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքները չեն ուշանա։

«Ուշ, թե շուտ այդ օրենքը կամ հակասահմանադրական կճանաչվի, կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, որոնց հղում տալով այս փոփոխություններն արեցին, օրինակ Վենետիկի հանձնաժողովը, կստիպեն վերանայել դրանք։ Չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ էր տվել գաղտնի կերպով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նման դրույթ նախատեսել ու օրենք ընդունել։ Ուղղակի բացառում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը նման օրենքի նման եղանակով ընդունմանը հավանություն տված լիներ։ Կարծում եմ, սա Վենետիկի հանձնաժողովին այլ իրավիճակի վերաբերյալ հայտնված դիրքորոշման նենգափոխում է։ Բացի այդ, անհատական, թե մեկ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը վաղ թե շուտ կարձագանքի այս օրենքին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Հարությունյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական երկու պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Իշխանական պատգամավորները փոփոխությունները ներկայացրեցին որպես ԲԴԽ լիազորությունների հստակեցում։

Արդեն ընդունված փոփոխություններով սահմանվել է, որ ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորութունը (քվորումը) ապահովված է խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչև պարզ մեծամասնություն: Սա նշանակում է, որ ցանկացած դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար բավարար կլինի խորհրդի անդամների 5 կողմ քվե, գործող 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։

«Այս օրենքով չեզոքացվել, զրոյացվել է դատավորների անկախության լուրջ սահմանադրական երաշխիք։ Սահմանադրությամբ հստակ սահմանված էր այն շեմը, որը հաղթահարելու դեպքում էր միայն հնարավոր դատավորին ենթարկել պատասխանատվության, լիազորությունների դադարեցման և այլն։ Կատարված փոփոխությունները հնարավոր չէ որակել որպես ԲԴԽ լիազորությունների հստակեցում։ Ակնհայտ է, որ դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը չեզոքացվում կամ նվազեցվում է»,-նշեց դատավոր Դավիթ Հարությունյանը։

Մինչ խորհրդարան հասնելը, նախագծի հեղինակներն առաջարկվող փոփոխություններն ու լրացումները չեն քննարկել իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ. փաստաբանները, դատավորներն անտեղյակ են եղել։

«Որևէ դատավոր տեղյակ չի եղել նման փոփոխության մտադրության մասին։ Հրապարակային ելույթներից կարող ենք ենթադրել, որ միայն ԲԴԽ առանձին անդամներ են տեղյակ եղել օրենքի նման ձևակերպումներին կամ էլ իրենք են նման ձևակերպումներ տվել ԱԺ առանձին պատգամավորների հետ։ ԲԴԽ դատավոր-անդամներ կան, որ անտեղյակ են եղել այս նախագծից, դրա պատմությունից։ Եթե ինչ-որ մեկն էլ ասում է՝ տեղյակ է, չեմ կարծում, որ կկարողանա որևէ փաստաթուղթ ցույց տալ՝ որպես հիմնավորում»,-ասաց Panorama.am-ի զրուցակից դատավորը։

Նա ընդգծեց՝ քվեարկության շեմն իջեցնող փոփոխությունները նախագծում ներառվել են առաջին ընթերցումից հետո, դրանք կատարվել են ժամերի ընթացքում, հետևաբար որևէ քննարկում չի եղել, որևէ մեկի կարծիքը չէր կարող հաշվի առնվել։

«Եթե այդ փոփոխությունները քննարկվեին դատավորների հետ, ես առարկություն էի ներկայացնելու, քանի որ, իմ կարծիքով, այդ կարգավորումը չի կարող բխել Սահմանադրությունից։ Այն սահմանադրաիրավական երաշխիքի չեզոքացում կամ վերացում է»,-իր տեսակետը ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը։

Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ են արվել նման վիճահարույց փոփոխությունները, դատավորը մեջբերում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ փետրվարի 10-ին կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը. «Սա արվում է վատ դատավորներին համակարգից դուրս բերելու համար»։

«Ոչ ոք չի թաքցնում նպատակը, եթե համադրում ենք պատգամավորների ու նախարարի հայտարարությունները, ստացվում է, որ այս օրենքի նպատակը ԲԴԽ լիազորությունների հստակեցման միջոցով դատավորներից ազատվելն է կամ նրանց պատասխանատվության ենթարկելը։ Ես հակված եմ հավատալ արդարադատության նախարարին ու նրա հնչեցրած խոսքին։ Իսկ թե ովքեր են վատ դատավորները, ստացվում է, որ ընտրելու է նախարարը»,-ասաց նա։

«Վատ» դատավորների շրջանակն արդեն ուրվագծված է։

ԲԴԽ-ում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմանը հաջորդած քննարկումների արդյունքում դատավոր Հարությունյանը եկել է համոզման, նախ ընտրում են դատավորներին, ապա փնտրում են խախտումներ։

«Վերջին նիստին էի հետևում, հատկապես հարց ու պատասխանից պարզ դարձավ, որ ոչ թե խախտումների հիման վրա են հարուցված նյութերն ուղարկվում ԲԴԽ, այլ նախ ընտրում են դատավորներին, ապա փնտրում են, թե ինչ խախտում կարելի է նրանց վերագրել ու տանել ԲԴԽ։ Այսինքն, դատավորների ընտրությունը մեծ մասամբ թիրախավորված է»,-ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքով, արդեն ընդունված օրենքին հակազդեցություն կա, դեռ կլինի։

Լալա Տեր-Ղազարյան, Panorama.am