«Փաստ». ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համավարակի հետ կապված սահմանափակումների հարցում: Նախարարը նաև ակնարկել էր, թե իրենց սահմանած սահմանափակումներն արդյունք են տալիս, ինչի հետ, սակայն, համաձայն չեն ոլորտի մասնագետներից շատերը:

Մասնավորաբար, բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը կարծում է, որ դրանք հերթական չհիմնավորված, չվերահսկվող, չարդարացված սահմանափակումներ էին, որոնք հերթական անգամ ցույց տվեցին մեր առողջապահության նախարարության կամային և գիտելիքային ողջ ամլությունը:

«Մի քիչ աղմուկ եղավ բնակչության մեջ, հետո անցավ, հիմա մարդիկ ամեն տեղ գնում են: Խնդիրն այն է, որ հնարավորություն չկա վերահսկելու, ավելի շուտ՝ չկա գիտելիք, որ համապատասխան կարգավորումները տրվեն: Սահմանափակումները որևէ օգուտ չտվեցին: Եթե նույնիսկ հանրային սննդի վայրերում, որոնցից երևի թե օգտվում է բնակչության 25-ից 30 տոկոսը, QR կոդերով մարդկանց ներս թողնեին, ապա հանրային տրանսպորտում, որից օգտվում է բնակչության ավելի քան 60 տոկոսը, չեն կարողացել վերահսկողություն ապահովել:

Այս հերթական ալիքը կգա, կանցնի, բնական է՝ էլի ալիք կլինի, որովհետև մեր ԱՆ-ն այնքան կամային իմպոտենտ է, որ չի կարողանում անգամ ամենապրիմիտիվ կերպով պայքար վարել համավարակի դեմ: Սահմանափակումները չեն աշխատել, հիմնավորված չեն եղել, կհանեն, իրենց՝ առանց այդ էլ սև երեսը, երևի թե, կպարզեցնեն»»։

Aysor.am