Պուտինը Մակրոնի հետ մանրամասն քննարկել Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը կիրակի օրը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

Տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավաբանական երաշխիքների մշակման շուրջ:

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Դոնբասի շփման գծում իրադրության կտրուկ վատթարացման կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ էսկալացիայի պատճառ են դարձել ուկրաինացի ուժայինների սադրանքները։

«Ուշադրություն է հրավիրվել ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինան ժամանակակից սպառազինությամբ և ռազմամթերքներով ապահովելուն, ինչը Կիևին մղում է, այսպես կոչված, Դոնբասի խնդրի ռազմական լուծմանը։ Արդյունքում տուժում են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի խաղաղ բնակիչները, որոնք ստիպված են ուժգնացող ռմբակոծություններից փրկվելու համար տարհանվել Ռուսաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Պուտինն ընդգծել է, որ Կիևը միայն ձևացնում է, թե բանակցային գործընթացի մեջ է, համառորեն հրաժարվում է Մինսկի համաձայնագրերի և «նորմանդական ձևաչափով» ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումից:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի սրությունը՝ նախագահները նպատակահարմար են գտել ակտիվացնել որոշումների որոնումը դիվանագիտական միջոցներով՝ «նորմանդական ձևաչափի» մասնակից երկրների ղեկավարների արտաքին քաղաքական գերատեսչությունների և քաղաքական խորհրդականների գծով:

Այդ շփումները կոչված են նպաստելու հրադադարի ռեժիմի վերականգնմանն ու առաջընթացի ապահովմանը Դոնբասի շուրջ հակամարտության կարգավորման գործում։

Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ Պուտինը կրկին ընդգծել է այն բանի անհրաժեշտությունը, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ամենայն լրջությամբ վերաբերվեն անվտանգության երաշխիքների ապահովման Ռուսաստանի պահանջներին և դրանց արձագանքեն կոնկրետ և ըստ էության:

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

Փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռուսաստան՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: