ՀԱՅ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏՆԵՐԻ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ

Հետաքրքրական է՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ծիծաղելիորեն բաղկացած է միայն իշխող խմբակցության անդամներից և հանձնառու է վեր հանելու պարտության հանգամանքները, քննելո՞ւ է, օրինակ, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ Քարվաճառում հայկական զինական ուժն անսասան մնաց, անգամ որոշ դիրքեր առաջ տվեց կամ գործող դիրքերն ամրացրեց։ Կհասկանա՞ն այդ հանձնաժողովում ներգրավված դասալիքները, թե ինչո՞ւ էր նոյեմբերի 9-ի դրությամբ թշնամին գլխովին ջախջախված, և այդ ու մի շարք այլ ուղղություններով պարզապես հնարավոր չէր ճեղքել մեր բնագծերը։

Ի վերջո, միգուցե այդքանից հետո պարզաբանե՞ն, թե ինչո՞ւ խիտ բնակեցված տարածքներում խուճապային տարհանում կազմակերպվեց՝ առանց բնակիչներին նվազագույն ժամանակ անգամ տալու, շենքերը հոսանքազրկվեցին, ազատամարտիկներին զինաթափեցին։ Սա ներքին ցեղասպանական գործողություն է, որի համար դատ ու դատաստան է հասնում։

Ինչպես որոշ բնակավայրերում, օրինակ Հադրութում, հայախոս ադրբեջանցի զինվորականները հայկական բանակի համազգեստով ներխուժեցին մեր շարքեր և սպանեցին մեր տղաներին, այդպես էլ այս իշխանությունն է ստով, ծրագրված մանիպուլյացիաներով տիրացել մեր երկրին՝ խոստանալով սոցիալական անարդարության վերացում, բայց ներսից զավթելով պետությունը և քայքայելով այն որպես օտարերկրյա գործակալական ցանց։ Ի՞նչ տարբերություն այս երկու դրվագի միջև, եթե հայկական անձնագրերով և -յան ազգանուններով անձինք փաստացի թշնամու քաղաքականության կյանքի կոչողն են, կոլաբորացիոնիստական մի ռեժիմ, ինչպես, ասենք, Պետենի վարչակարգն էր նացիստների օկուպացրած Ֆրանսիայում։

Այս վարչախումբը վերածվել է իր շոշափուկներն անհագորեն տարածող մի չարորակ ուռուցքի, որը չվիրահատելու դեպքում հիվանդը՝ պետությունը, կարող է կործանվել։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև նրան բացահայտ կամ լռելյայն խրախուսողները հանցակիցներ են, որոնց պատասխանատվության ժամն անխուսափելիորեն գալու է։ Մեղքի իրենց բաժինն ունեն անգամ բարեխիղճ մոլորության մեջ գտնվող տասնյակ հազարավոր քաղաքացիները, որոնց պետք է հանգամանորեն բացատրել այս հայադավ վարչակարգին սատարելու ամբողջ վտանգավորությունը։

Տավուշում թշնամուն անկլավներ զիջելու նախապատրաստությանը կարող է հաջորդել, ոչ ավել, ոչ պակաս, Սևանի արևելյան ափի որոշ բնակավայրեր կամ բարձունքներ Ադրբեջանին հանձնելու, կամ էլ, ասենք, Մասիսի շրջանում ժամանակին ապրած ադրբեջանցիներին այդտեղ վերաբնակեցնելու հարցի շուրջ համաձայնությունը։ Այստեղ է, որ պետք է վերապահում անել՝ այս իշխանությունն անգամ թուրքերի հռետորաբանությամբ չի խոսում մեր մասին։ Ադրբեջանցիները հո գիտեն ամբողջ ճշմարտությունը 1920-ին Շուշիում հայերի ցեղասպանության, հայկական եկեղեցիների պղծման և ոչնչացման, Դադիվանքի, Քարվաճառի մյուս հուշարձանների և առհասարակ Արցախում աղաղակող հայկական ժառանգության մասին, պարզապես միտումնավոր աղճատում են պատմությունը։ Այս իշխանությունը նույնիսկ այդ մասին է մոռացել և միայն թշնամական գործակալներին բնորոշ վարքագծով ասում ու անում է բաներ, ինչն անգամ թշնամին իրեն թույլ չի տալիս։

Թյուրք էթնոսի հետ քարոզվող բարեկամության խայծը այդպես էլ քաղաքական իմաստնություն ձեռք չբերած հայ ժողովուրդը կուլ է տալու հեշտորեն՝ հատկապես խաբվելով այն հանգամանքով, որ այս անգամ թուրքերը ոչ թե յաթաղանով կամ «Բայրաքթարներով», այլ էժան լոլիկով ու բենզինով են գալու՝ «երկնագույն եզրանախշով սկուտեղի» վրա այդ ամենը մատուցելով, մեզ բարեկեցիկ ու ապահով ապագա խոստանալով։ Չէ՞ որ դա հենց թուրքերի թեզն է՝ «հերիք է կռվենք իրար դեմ, մեր ժողովուրդները հարևան, բարեկամ, եղբայր ժողովուրդներ են»։ Սա էլ Հայաստանը ներսից նվաճելու, կազմաքանդելու և ոչնչացնելու ամենակարճ ճանապարհը կդառնա։