Աբովյանի ողբերգական վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աղջիկն անգիտակից է

Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի ժամանակ «ԲՄՎ X5»-ի ղեկին եղել է 29-ամյա այլ տղամարդ՝ Ռազմիկ Դավթյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Իսկ 53-ամյա տղամարդը, ով հայտարարում էր, թե ինքն է եղել ղեկին, Ռազմիկ Դավթյանի հայրն է: