ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է «ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ» ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆԸ
Ինչպես և կանխատեսում էր խորհրդարանական ընդդիմությունը, «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը իշխող խմբակցությունը տապալեց։ Առայժմ միայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած նախագիծը։ Սակայն ակնհայտ է, որ այս հարցի կապակցությամբ փետրվարի 23-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը նույն ճակատագրին կարժանանա։ Այլ հարց է, թե կգա՞ն արդյոք ՔՊ-ականները փետրվարի 23-ի նիստին, նպատակ ունե՞ն հեռարձակելու իրենց թուրքասիրությունը, թե՞ այնուամենայնիվ գիտակցում են, որ ընդդիմության մոտեցումների խորապատկերին իրենց թուրքամետությունը, որքան էլ քողարկեն դա «խաղաղության դարաշրջանի բացումով», անհանդուրժելի կդառնա հասարակության համար։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ի անդամները ձեռնպահ են մնացել քվեարկությանը: Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը համարում է, որ «Այսօր ԱԺ քաղաքական մեծամասնությունը ըստ էության վավերացրեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագիրը»։
Ցուցանշական է, որ այլ փաստարկներ, բացի «խաղաղության դարաշրջանի բացման» մասին կասկածելի պատրվակից, չհնչեցին։ Երբ թշնամին զենք է ճոճում, հայտարարելով, թե Հայաստանի տարածքը «պատմականորեն պատկանում է» իրեն, ավելին՝ ամրապնդում է իր հեռուն գնացող ձգտումները ռազմաքաղաքական դաշինքի կնքումով, ինչո՞ւ է Հայաստանի իշխող ուժը խոսում «խաղաղության դարաշրջանի» մասին։ Ի պատասխան այս հարցին՝ իշխող խմբակցությունը կրկին խոսում է... «խաղաղության դարաշրջանի բացման» մասին, պնդելով, թե ՀՀ ԱԳՆ-ը դեռևս 2021 թվականի հունիսին արդեն երկու անգամ արտահայտել է իր դիրքորոշումը «Շուշիի հռչակագրի» ստորագրման վերաբերյալ։ Իբր՝ 2021 թվականի հունիսի 15-ի և 17-ի ԱԳՆ հայտարարություններում արդեն նշված են ընդդիմության ներկայացրած նախագծում բովանդակվող գրեթե բոլոր թեզերը, և հարկ չկա, որ ԱԺ-ն կրկնի դրանք՝ «խաղաղության դարաշրջանի» շեմին։ Իսկ բացի այդ, իբր, իր հնգամյա ծրագրում մեր կառավարությունը նախանշել է տևական խաղաղության և կայունության քաղաքականությունը տարածաշրջանում։ Այնպես որ ցանկացած գործողություն և հայտարարություն պետք է ուղղված լինի երկրի զարգացմանը նպաստող խաղաղ օրակարգի ապահովմանը։
Այլ կերպ ասած, իշխող խմբակցության պետքը չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի գործնականում բոլոր գործողություններն ու հայտարարությունները իրականում ճիշտ հակառակն են ցուցադրում։ Որ թուրք-ադրբեջանական տանդեմը թքած ունի Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» վրա։ Մանավանդ որ քավության նոխազը՝ ի դեմս մեր երկրի, իրենց ձեռքի տակ է. հարկ եղած դեպքում, օրինակ, «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհամաձայնության պարագայում, թշնամական տանդեմը հենց Հայաստանին կմեղադրի խաղաղ օրակարգը տապալելու մեջ։ Դե, իսկ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմարշավին Թուրքիայի օրինական մասնակցությունն արդեն հիմնավորված է՝ 2021 թվականի հունիսին գրավյալ Շուշիում ստորագրված հռչակագրի տեսքով։
Ուրեմն պե՞տք է արդյոք, որ Հայաստանը ՀՀ ԱԺ հայտարարությամբ հստակ ասի իր խոսքը ցեղասպան և ահաբեկչական պետություններին, միաժամանակ նաև հայտարարի ողջ աշխարհին Ադրբեջանի և Թուրքիայի բնավ ոչ խաղաղ ձգտումների մասին, որոնք սպառնալիք են դարձել ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ միջազգային անվտանգության համար: Ընդգծի «Շուշիի հռչակագրի» սադրիչ և ապակառուցողական բնույթը, որը հակասում է նաև «առանց նախապայմանների» սկզբունքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և լուրջ կասկածներ հարուցում պաշտոնական Անկարայի իրական մտադրությունների և վարքագծի վերաբերյալ: Պատասխանը, կարծում ենք, միանշանակ դրական է։ Սակայն նույնիսկ այնտեղ, որտեղ կարծես թե երկու կարծիք լինել չի կարող, իշխող խմբակցությունը կարողացավ, մեղմ ասած, դեմ հանդես գալ Հայաստանի ազգային շահերին։
Միանշանակ «կողմ» չքվեարկել «Շուշիի հռչակագիրը» դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագծին՝ փաստացի նշանակում է կողմ լինել կամ առնվազն դեմ չլինել Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգին, Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելուն։ Նշանակում է «կողմ» լինել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային Թուրքիայի այժմ արդեն փաստագրված մասնակցությանը։ Նշանակում է աջակցել և փաստացի թույլ տալ, որ իրականանա դարավոր երազանքը Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային ուղիղ կապի մասին, ինչը հայ հասարակության համար առավել «համոզիչ» դարձնելու նպատակով Փաշինյանի իշխանությունն այժմ վերանվանել է Հայկական խաչմերուկի, նշանակում է փաստացի հնարավորություն տալ մեր հաշվին զարգացնելու այսպես կոչված թուրքական աշխարհը։
Միանշանակ «կողմ» չքվեարկել «Շուշիի հռչակագիրը» դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագծին՝ նշանակում է հավանություն տալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ թուրք-ադրբեջանական պայքարին, համաձայնել հարցը փոխադրելու պատմաբանների քննարկման հարթություն, իսկ հետագայում, մեկ էլ տեսար, հաշվի առնելով պատմության կեղծման գործում թուրք-ադրբեջանական եռանդը, այդ երկու ցեղասպան պետություններն իրենց մեղքը կբարդեն հենց հայերի ուսերին։
Ընդ որում հանձնաժողովում քննարկումը ցույց տվեց, որ իշխող խմբակցությունը քննարկվող հարցի էության մասին, մեղմ ասած, շատ աղոտ պատկերացում ունի կամ այդպես է ձևացնում։ Ամեն դեպքում մեկ բան ակնհայտ է. իր ոջլոտությունը թաքցնել իշխող ուժը չկարողացավ, ասենք՝ արդեն որերորդ անգամ…