Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ–ում դեռևս լարված է

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական տվյալներով նոր դեպքերի նվազում կա, սակայն իրավիճակը դեռևս լարված է։

Տեղեկություննայսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Մեր ունեցած վիճակագրական տվյալներով` այսօր մենք չենք կարող գնահատել կորոնավիրուսային առկա իրավիճակը, քանի որ թեստավորում գրեթե չի իրականացվում։ Ընտանիքի անդամներից մեկը, եթե թեստավորվում է ու հաստատվում է կորոնավիրուսային հիվանդությունը, ապա մյուս անդամները, անգամ ունենալով ախտանշաններ, թեստավորման չեն դիմում»,– ընդգծեց Աբովյանը։

Նա նաև նշեց, որ ամբողջ աշխարհում նույնպես լարված իրավիճակ է, ինչը պայմանավորված է «Օմիկրոն» շտամով, որն էլ իր հերթին ունի 3 ենթատեսակ։ Մասնագետի խոսքով` Հայաստանում այսօր հիմնականում շրջանառվում է «Օմիկրոն» շտամը և սեկվենավորման արդյունքում ընտրանքային նմուշներից անջատվել է նաև «BA.2» ենթատեսակը։

«Եվրամիության չափանիշներով Հայաստանը դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության ցուցանիշը բարձր է և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է»,– ասաց Աբովյանը։

Աբովյանը շեշտեց` այն անձինք, ովքեր դեռևս պատվաստված չեն, «Օմիկրոնը» վերջիններիս համար բավականին ծանր և ծայրահեղ ծանր ընթացք կարող է ունենալ և հասցնել ընդուպ մահվան։ Նա նաև նշեց, որ դեռևս վաղ է խոսել համավարակի ավարտի մասին, քանի որ հստակ հնարավոր չէ իմանալ, թե ինչ ընթացք կլինի կամ նոր մուտացիաներ կլինեն, թե ոչ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։