Դիմել ՍԴ, գործի վարույթը կասեցնել. Հայկ Ալումյանը 2 միջնորդություն ներկայացրեց դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօրվա նիստի ժամանակ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն ներկայացրեց։

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Նիստին ներկա է ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը։

Ի դեպ, նախորդ նիստի ժամանակ մեղադրող կողմը ներկայացրել էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որը, ըստ պաշտպանական կողմի, պարզ չէ։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը քրգործով վարույթն իրականացնող դատավորին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրվող մեղադրանքն այն դեպքում, երբ այն շարադրված է ոչ պարզ ձևով։ Միաժամանակ, օրենքով մեղադրանքը պարզաբանելու պարտավորություն չի դնում նաև մեղադրական կողմի վրա։ Սա հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի առաջին կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին»,–ասաց Ալումյանը։

Նա հավելեց, որ միջնորդում է դիմել ՍԴ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ բացը Սահմանադրության 67-րդ հոդվածի առաջին կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու համար։ Միաժամանակ, Ալումյանը միջնորդեց կասեցնել քրգործի վարույթը, մինչև ՍԴ–ն որոշում կկայացնի։

«Ինձ համար ձևակերպումներն անհասկանալի էին դեռ մեղադրանքն առաջադրելու պահին։ Երբ քննիչին հարցրի, թե ինչ է նշանակում այսինչ կետը, ինձ պատասխանեց, որ պարտավորություն չունի ինձ որևէ բան բացատրել։ Նկարագրված չէ որևէ գործողություն, որի մեջ ես մեղադրվում եմ, ընդհանուր մեղադրանքներ են»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` իր փաստաբանները նույնպես չեն հասկանում, թե ինչի մեջ են մեղադրում Քոչարյանին, և այս դեպքում ինչպե՞ս պետք է նրան պաշտպանեն։

«Դուք (դատավորը-խմբ.) ինձ հարցնում եք՝ պա՞րզ է մեղադրանքի էությունը, և եթե այս հարցի պատասխանը չունեք, ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս։ Ենթադրում եմ` օրենքի պահանջ է»,–ասաց Քոչարյանը։

Գործով դատախազներն էլ առարկեցին միջնորդությանը` ասելով, որ այն ենթակա է մերժման, քանի որ մեղադրանքում նշված է` ինչում է մեղադրվում Քոչարյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մարտի 1-ին, ժամը 13։00-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։