ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին

Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրել են դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։ Այնտեղ նշվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը։։

«Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման»,-նշեց Հունանյանը

ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը: