Թաթոյանը դիմել է ՍԴ

Դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է:

Այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մենք աշխատանքում բախվում էինք խոչընդոտների արդեն տևական ժամանակ:

Անգամ իմ դիմումի հիման վրա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը, այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց»,- նշել է Թաթոյանը, տեղեկացնում է News.am: