Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին ու դիմել ուկրաինացիներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ Ղրիմը կատարել է իր ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են ստեղծված սպառնալիքներից։ Նա կոչ է արել փոխգործակցել «այս ողբերգական էջը շուտափույթ շրջելու» համար։

«Կոչ եմ անում Ուկրաինայի քաղաքացիներին. 2014 թվականին Ռուսաստանը պարտավոր էր պաշտպանել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին նրանցից, ում դուք ինքներդ «նացիստներ» եք անվանում»,- ասել է նա իր ուղերձում։

ՌԴ նախագահի խոսքով` այսօրվա իրադարձությունները կապված չեն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ։

«Դրանք կապված են հենց Ռուսաստանի պաշտպանության հետ նրանցից, ովքեր Ուկրաինան պատանդ են վերցրել և փորձում են օգտագործել այն մեր երկրի և նրա ժողովրդի դեմ։ Կրկնում եմ՝ մեր գործողություններն ինքնապաշտպանություն են մեզ սպառնացող վտանգներից և ավելի մեծ աղետից, քան այսօր տեղի է ունենում»,- ասել է Պուտինը։

Նա կոչ է արել փոխգործակցության՝ ինքնուրույն հարաբերություններ կառուցելու համար:

«Որքան էլ դժվար լինի` խնդրում եմ հասկանալ սա և կոչ եմ անում փոխգործակցել, որպեսզի հնարավորինս շուտ շրջենք այս ողբերգական էջը և միասին առաջ գնանք։ Թող ոչ ոք չխառնվի մեր գործերին, մեր հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։