ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՎԱԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ

Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության նախագծի ընդունման տապալումը ՔՊ-ական մեծամասնության կողմից բնավ արտառոց կամ անսպասելի քայլ չէ։ Շատ ավելի զարմանալի էր հակառակի սպասումը։ Ո՛չ Թուրքիան ու Ադրբեջանն են փոխվել, ո՛չ էլ մեր իշխանությունը, բա ի՞նչ պիտի լիներ։ Մեր դիվանագիտությունը, այդ թվում՝ խորհրդարանական, այսօր այնքան անատամ ու հաճոյակատար է, որ իրեն չի էլ կարող թույլ տալ քննարկել ակնհայտ հակահայկական բանաձևի դատապարտում։ Միայն Ադրբեջանի ազգային հերոսի կոչման արժանի գործիչները կարող են իրենց մերժումն արդարացնել այնպես, ինչպես օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում անում էին ՔՊ-ականները։

Ի վերջո, Շուշիի ոչ հայկական լինելու մասին պնդումները հո անավարտ չէի՞ն մնալու։ Կամ՝ երբ մինչև պատերազմը փորձագիտական հանրույթը մտավախություն էր հայտնում, թե Թուրքիան պատրաստվում է անմիջականորեն ներգրավվել Արցախի դեմ մարտերում, և «Բայրաքթարներն» էլ այդ նպատակով են Բաքու առաքվում, ՔՊ խմբակցության ղեկավարը, որը ներկայումս ԱՄՆ-ում մեր դեսպանն է, համոզված պնդում էր, թե Թուրքիան չի ներգրավվի հնարավոր պատերազմում։

Աշխարհի լիակատար արհամարհանքին արժանանալու համար, թվում է, բոլոր քայլերն արդեն արված են։ Ադրբեջանն իր հարաբերությունները մեր միակ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, ևս բարձրացնում է դաշնակցային մակարդակի, և այս ֆոնին ավելի է ընդգծվում հայկական դիվանագիտության ամբողջ ողբերգականությունը, որևէ նեցուկ չունենալու, միայն կեղծավոր հայտարարություններով կերակրվելու գործելակերպը։ ՌԴ-ի հետ հարաբերությունները տնօրինողներն այսօր մարդիկ են, որոնք հինգ տարի առաջ այդ երկրի դրոշն էին պատռում դեսպանատան առջև, ի՞նչ դիվանագիտական հաջողություններ կարելի է ակնկալել նրանցից։

Մինչ ադրբեջանցի պատվիրակներն ազատորեն երեկոներն էին վայելում Երևանում, մեր գերիները Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել, իսկ քաղաքական դաշտն այս ամենին շարունակում է մնալ խիստ անհաղորդ։ Կենաց-մահու հարցերը քննարկելու, գոնե եղածը պահելու փոխարեն՝ դաշտը լցված է Հայաստանի պատմական մեծությունը վերականգնելու, վիլսոնյան վճռի, Նժդեհի ցեղակրոնության և այլ՝ ոչ ամենահրատապ օրակարգերով։ Մինչդեռ արթնացումը, զարթոնքը պիտի գա նախևառաջ վերջին պատերազմի զոհերի հիշատակի խնկարկումով, Եռաբլուրով։ Այդ սրբազան արթնացման առաջ կնահանջեն դավաճաններն ու դավադիրները, և մեր նահատակները նորից կսփռեն հաղթական շունչը։ Հայրենիքին վերատիրելու փափագը կժայթքի, երբ հազարավոր զոհերի սխրանքը վեր դասվի մանրախնդիր, թշնամահպատակ և օտարածին ուժերի կառավարումից։ Ազգային սթափեցման դեպքում որևէ ՔՊ-ական պատգամավոր չէր համարձակվի խոսել ադրբեջանցիներին Երևանում պատշաճ ընդունելու անհրաժեշտությունից, մի քանի տարի առաջ դա աններելի մեղք կհամարվեր, և նման խոսքերի հեղինակը կվռնդվեր ոչ միայն քաղաքական դաշտից, այլև առհասարակ ասպարեզից։

Արժանապատիվ իշխանությունն իր պաշտոնավարումը կսկսի մի կողմից գործող վարչախմբի արդարացի դատ ու դատաստանով, մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմում մեր զորքի հաղթականության հանդեպ խոնարհումով։ Ճիշտ է, սպառազինության հարցում թշնամին միանշանակ առավել էր, բայց հազարավոր քաջորդիները, հայրենիքին իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերածները մի օր պիտի մեր ապագա հաղթանակների հիմքը դառնան։ Միայն Փաշինյանի քաղաքական ապիկարության արձանագրումից, զինվորի անօրինակ սխրանքների գնահատումից և տեխնիկական գերհագեցումից հետո հայոց բանակը դարձյալ ձեռք կբերի երբեմնի հզորությունն ու ոգեղենությունը։