Արշակյան․ Ակնկալում ենք Ադրբեջանի գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք
Նախորդ տարվա իրադարձությունները նոր իրականություն են ստեղծել մեր տարածաշրջանում և դրանից դուրս. 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն անդառնալի եղան մեզ համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մեր առջև կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն: Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը:
Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք, այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը և Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին: Մեր խորին համոզմամբ, ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաև խաղաղության մթնոլորտին:
Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Կուզենայի առանձնահատուկ անդրադառնալ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի համար, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:
Հարգելի գործընկերներ,
Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար:
Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Մենք կողմնակից ենք և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով և գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության, տեղեկացնում է News.am-ը: