Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ
Հայաստանի հետ Միութենական պետության մասին համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նա կարծիք հայտնեց, որ այն արդեն պատրաստ է և կներկայացվի ստորագրման Հայաստանի վարչապետին։
Փորձագետը վստահ է, որ Ռուսաստանն ԱՊՀ տարածքում իր անվտանգությունը պաշտպանելու քաղաքականություն է վարում, և այս ամենն իր ազդեցությունը կունենա Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։
Բադալյանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցը, ինչպես նաև Բելառուսի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանը ոչ մեկին պետք չէ և պետք է անդամակցի Միութենական պետությանը։
«Ուկրաինայի և Ադրբեջանի շուրջ գործընթացները ցույց են տալիս, որ դա դատարկաբանություն չէ։ Ռուսաստանը շատ արագ Միութենական պետություն կստեղծի, որպեսզի 2024 թ․ հետո ստեղծի մի համակարգ, որի դեպքում Մոսկվան Բելառուսից մինչև Կենտրոնական Ասիա սպառնալիք չի զգա։ Այս ամբողջ նախագիծը մտնում է եզրափակիչ փուլ»,- ընդգծեց նա։
Բադալյանը Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված հռչակագիրը «Շուշիի հռչակագրի» հակակշիռ անվանեց։
«Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում։ Ուկրաինայի դեպքում դա անում է ուժի կիրառմամբ, Բելառուսի դեպքում՝ այլ սխեմայով։ Վրաստանը փորձում է չբարկացնել Ռուսաստանին՝ արգելելով հակառուսական գործիչների մուտքը երկիր։ Թբիլիսին կպահպանի չեզոքություն՝ հաշվի առնելով Ռուսաստանից տնտեսական կախվածությունը»,- հավելեց նա։
Փորձագետի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ գրավոր երաշխիքներ տրամադրելուց հրաժարվելու պայմաններում Ռուսաստանը դիմում է երկրորդ ծրագրին. նա ոչնչացնում է հենց Ուկրաինայի ենթակառուցվածքը՝ այն հակառուսական նախագծից վերածելով ռուսամետ ծրագրի կամ գոնե չեզոք երկրի, որտեղ ռուսամետ ուժերի իշխանություն կհաստատվի, երբ ռուսական տանկերը մտնեն Կիև։