Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության բոլոր երկրների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը պակիստանցի իր գործընկերոջ հետ բանակցություններում ասել է հուսով է, որ հնարավորություն կա վերադառնալու միջազգային իրավունքին և միջազգային պարտավորություններին։

Ինչպես ՌԻԱ Նովոստին է գրում, Լավրովն ասել է, որ լարված ու մանրամասն քննարկումներ են ունեցել ամերիկացի գործընկերների, ՆԱՏՕ-ի անդամների հետ։ «Մենք, անշուշտ, միշտ պատրաստ կլինենք երկխոսության, որը մեզ կվերադարձնի արդարադատությանն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին»,- նշել է նախարարը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:

«Հանգամանքները ստիպում են մեզնից վճռական և անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով: Դրա հետ կապված, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի և ի կատարումն Դաշնային ժողովի կողմից վավերացված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության մասին պայմանագրերի, ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն անցնացնելու մասին»,-ասել էր Պուտինը հեռուստաուղերձում:

Նա նշել էր, որ Ռուսաստանի պլաններում Ուկրաինայի օկուպացիայի հարցը չկա, սակայն Մոսկվան ձգտելու է նրա դեմիլիտարիզացիային:

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի քաղաքներին ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարված չի հասցրել. ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը և ավիացիան շարքից հանվել են բարձր ճշգրտության զինատեսակներից։ Նախարարությունից վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում, տեղեկացնում է ArmRadio.am-ը։