ԷՐԴՈՂԱՆԻ ԳՈՎԵՍՏԻ ԳԻՆԸ

Մենք գոհ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ցուցաբերած կամքից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ինչպես տեղեկացնում է News.am-ը՝ հղում կատարելով Cumhuriyet-ին, Էրդողանը, մասնավորապես, նշել է. «Մենք գիտենք, որ Հայաստանն ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում և սահմանների բացում: Եթե նա շարունակի վճռականություն ցուցաբերել սկսված գործընթացում, ապա սահմանների բացումը խնդիր չի լինի։ Մենք թույլատրել ենք չարտերային չվերթները և դրական շարունակություն ենք ակնկալում նաև Հայաստանից։ Այս համատեքստում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներն առաջ են շարժվում՝ աջակցելով միմյանց։ Ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ ամեն ինչ իրականացնելու ենք Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ»։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՀԱՐԿԱՎ ՊԻՏԻ ԳՈՀ ԼԻՆԻ ԷՐԴՈՂԱՆԸ։ Նույնիսկ պարզ հարցերում նա դրա համար ունի բազում պատճառներ։ Նա անընդհատ նախապայմաններ է դնում, իսկ արդեն ընտելացված հայկական կողմը խուսափում է նույնիսկ այդ (պայման) բառից։ Ինչո՞վ առիթ չէ Էրդողանի գոհունակության համար։ Ահավասիկ նա ասում է, որ Թուրքիան թույլ է տվել չարտերային չվերթները, ընդգծելով, թե դրանով Թուրքիան մեծ լավություն է արել Հայաստանին։ Իբր՝ դա ապաշրջափակման տարրերից մեկն է։ Ընդ որում Երևանում նույնպես դա համարում են լավություն, լռության մատնելով այն փաստը, որ նման չարտերային չվերթներ եղել են գրեթե միշտ, և հայ զբոսաշրջիկներն այդ չվերթներով մեկնել են թուրքական հանգստավայրեր։ Իհարկե, Էրդողանը գոհ կլինի, իբրև Անկարայի դրական քայլ մատուցելով կատարյալ աչքակապությունը՝ չարտերային չվերթների տեսքով։ Եվ կարևորը՝ Երևանում դրան ոչ ոք չի առարկում։

Բառացիորեն հենց այն օրը, երբ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ գոհ է Հայաստանից, հայկական իշխանությունը ջանաց արժանանալ Էրդողանի ևս մեկ գովեստի։ Դա (գովեստը) միանգամայն կոնկրետ գին ունի։ Բայց այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ նշենք, որ խոսքը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունների մասին է։ Նա, մասնավորապես, նշեց, որ կառավարությունը որոշել է չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, և հետևաբար՝ հայրենի շուկան կարող է հեղեղվել դրանով։ Այն, որ թուրքական էժան արտադրանքի այդ հոսքն իր մրցակցային առավելություններով խեղդում է հայրենի արտադրողին, նախարարին չի մտահոգում։ Տվյալ հարցի լուծումը նա տեսնում է հայրենի արտադրողների մրցունակության ու արտադրողականության բարձրացման միջոցներ գտնելու մեջ։

Եթե ավելի պարզ ձևակերպենք այդ հարցին կառավարության մոտեցման էությունը, ապա իրավիճակը հետևյալն է. վերացնում ենք հայկական շուկայի ամեն տեսակի պաշտպանությունը թուրքական զավթախուժումից և սկսում մտածել, թե ինչպես բարձրացնենք տեղական տնտեսվարող սուբյեկտների արտադրողականությունը։ Անհեթեթ ծրագիր է, իհարկե։ Եվ հաստատ Էրդողանը պետք է դրվատի Հայաստանի կառավարությանը դրա համար։ Առհասարակ թուրքական բիզնեսը պետք է գոհ լինի։ Իսկ հայկականը թող ապարդյուն փորձի բարձրացնել արտադրողականությունը և նույնքան ապարդյուն ջանա գոյատևել, մի կողմից՝ սակագների, մյուս կողմից՝ թուրքական մրցակցային առավելության վիթխարի ճնշման տակ։

Թուրքիայի առջև հայկական սպառողական շուկաների դռների լայն բացման համատեքստում դժվար է ուշադրություն չդարձնել նաև այն բանի վրա, թե ինչպես է Հայաստանի կառավարությունն իր գործողություններով ու անգործությամբ փակում այդ դռներն Իրանի առջև։ Այսպես, նույն ինքը՝ Քերոբյանը հայտարարեց, որ անցած տարի հայ-իրանական ապրանքաշրջանառությունը կրճատվել է Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային խնդիրների պատճառով։

Հիշեցնեմ, որ խոսքն այն 20 կիլոմետրանոց հատվածի մասին է, որը Հայաստանի իշխանությունը պարզապես զիջեց Ադրբեջանին պատերազմից հետո։ Սկզբում ենթադրվում էր, թե Հայաստանն ու Իրանը կապող միջպետական ճանապարհի այդ հատվածը գործելու է նախկին ռեժիմով՝ ռուս խաղաղապահների կողմից անվտանգության ապահովման պայմաններում։ Հետո ադրբեջանցիներն այնտեղ ոստիկանական պահակետ դրեցին, ձերբակալեցին իրանցի վարորդների, այնուհետ տեղադրվեց ադրբեջանական մաքսատուն, ապա՝ բենզալցակայան։ Մի խոսքով, միջպետական ճանապարհը փակեցին հիմնավորապես։ Ողջ այդ ընթացքում Հայաստանի կառավարությունը շրջանցիկ ճանապարհ էր կառուցում, բայց նույնիսկ ավարտելով այդ տևական նախագիծը, տրանսպորտային նորմալ կապ չապահովեց Իրանի հետ։ Այդտեղ մշտապես խնդիրներ են առաջանում՝ կապված մեծ բեռնատարների համար ճանապարհի անցանելիության հետ։ Այսպիսով, Հայաստանի կառավարությունը ոչ միայն զիջեց իր ճանապարհը, ոչ միայն արտակարգ ռեժիմով չկառուցեց այլընտրանքային ուղի, այլև կառուցածն էլ կասկածելի գտնվեց հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցության հուսալիության առումով։ Եվ հիմա Քերոբյանն արձանագրում է, որ ապրանքաշրջանառությունը նվազել է։

Ըստ էության, Իրանի համար հայկական շուկայի դուռը վերածվել է օդանցքի, մինչդեռ Թուրքիայի համար դա (դուռը) ընդհանրապես հանում են ծղխնիներից։ Ե՛վ Էրդողանը, և՛ թուրք արտադրողները, իհարկե, շա՜տ գոհ են Հայաստանի կառավարության «կամքից»։ Բնականաբար՝ կգովեն ու նորանոր պայմաններ կդնեն։ Իսկ փոխարենը մեզ «դեմ կտան» բացահայտ խաբեբայություն՝ չարտերային ավիաչվերթների տեսքով... Ասենք, դա Էրդողանի գովեստի գնի լոկ չնչին մասն է։ Ամբողջական գինը կտեսնենք, այսպես կոչված՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի թեժ փուլում։