118 ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ–ը. ՌԴ ՊՆ-ն ամփոփել է ռազմական գործողության արդյունքները

ՌԴ ԶՈւ-ն հատուկ գործողության ընթացքում շարքից հանել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ։ Այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

118 օբյեկտներից 11–ը, նրա խոսքով, ռազմական օդանավակայաններ են, 13–ը` Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 14–ը` С-300 և Օսա զենիթահրթիռային համակարգեր, 36–ը` ռադիոլոկացիոն կայաններ։

Կոնաշենկովի նաև ասել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ շարունակում են հակահարձակողական գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դեմ:

Նրա խոսքով` ԴԺՀ-ի զորքերը, հաղթահարելով հակառակորդի համառ դիմադրությունը, Վոլնախսկի ուղղությամբ առաջացել են ևս 1 կիլոմետրով, իսկ ԼԺՀ-ի զորքերը` Ստեպովոյե շրջանում խորացել են մինչև 9 կիլոմետր։

ՊՆ ներկայացուցիչը հաստատել է, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները փետրվարի 24-ին ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքի նկատմամբ։

«Ուկրաինայի ատոմակայանի պաշտպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների և սարկոֆագի անվտանգությունը համատեղ ապահովելու շուրջ»,- ասել է Կոնաշենկովը։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինվորականներ վայր են դրել զենքերը` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Դոնբասի հանրապետությունների ռազմական հատուկ գործողության արդյունքում։

«Զմեյնի կղզու տարածքում 82 ուկրաինացի զինծառայողներ վայր են դրել զենքերը և կամովին հանձնվել ՌԴ ԶՈւ ստորաբաժանմանը: Այժմ նրանցից ստորագրություն է վերցվում ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Նրանք առաջիկայում կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասել է ՌԴ պաշտոնյան։

ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ևս 11 զինծառայողներ հանձնվել են Նիկոլաևսկի տարածքում, ծովային հետևակի ստորաբաժանումներից մեկը կապ է հաստատել ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի հետ ու միջանցք խնդրել հանրապետության տարածք մուտք գործելու համար։ Ըստ Կոնաշենկովի` զենքերը հանձնելուց հետո նրանք նույնպես կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ մարտական գոտում իրավիճակի կայունացումից հետո բոլոր հանձնված ուկրաինացի զինծառայողները տուն կվերդառնան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։