ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ԱՐԴԵՆ ՉԻ ԼԻՆԻ

Պարադոքսալ է թվում, բայց չնայած այն բանին, որ անցած տարի Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվը 100 հազարով ավելի է, քան հայրենիք վերադարձածներինը, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը էապես չի փոխվել: Համենայնդեպս Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 963 հազար 300 մարդ, իսկ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը նվազել է մինչև 2 մլն 961 հազարի: Այսինքն նախորդ տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը կրճատվել է ընդամենը 2300-ով։ Ընդգծենք, սա՝ Ազգային վիճակագրական կոմիտեի վարկածով։

Ասենք, ներկայացված թվերի նման անհամապատասխանության մեջ զարմանալի ոչինչ առանձնապես չկա։ 103 հազար մարդիկ, որոնք մեկնել են երկրից մեկ ուղղությամբ տոմսով, դեռևս հաշվառման մեջ են Հայաստանում և զուտ տեսականորեն կարող են ինչ-որ ժամանակ վերադառնալ: Իսկ գուցեև՝ ոչ։ Այլ հարց է, որ միայն անցած տարվա ընթացքում բնակչության 100-հազարանոց արտագաղթը բացասական լուրջ փոփոխություններ է մտցրել հայրենի աշխատաշուկայում, և այդ խնդիրն առավել քան մտահոգիչ է։

Նույն վիճկոմիտեի տվյալներով, նախորդ տարվա երրորդ եռամսյակում (տարվա արդյունքներով վիճակագրությունը դեռ ներկայացված չէ) Հայաստանի աշխատանքային ռեսուրսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 94,4 հազարով: Աշխատաշուկայում աշխատուժի առաջարկը նույնպես նվազել է էականորեն՝ 65 հազարով։ Եթե 2020-ի երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմում էր 1 մլն 247 հազար մարդ, ապա 2021-ին՝ արդեն 1 մլն 182 հազար։ Վերջապես, 17 հազարով կրճատվել է զբաղված բնակչության թիվը։ Այս ցուցանիշը, թերևս, ամենից պերճախոսն է։ Հիշեցնեմ, որ փետրվարի սկզբին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրճվում էր աշխատատեղերի քանակի ոլորտում իբր սահմանած ռեկորդներով։ «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բնականաբար, դրանք թվային մանիպուլյացիաներ չեն, երբ աշխատատեղերի քանակը ռեկորդային կերպով (30,37 հազարով) աճում է, իսկ զբաղված բնակչության թիվը՝ զուգահեռաբար 17 հազարով կրճատվում։ Աշխատավարձ ստացողների թիվն աճում է, այն պայմաններում, երբ զբաղվածների թիվը նվազում է։ Ստացվում է, թե երկրի հազարավոր չզբաղված քաղաքացիներ անխափան կերպով աշխատավարձ են ստանում։ Ոչ, սա մանիպուլյացիա չէ։ Սա պարզապես զառանցանք է։

Ասենք, տվյալ համատեքստում կարևոր է մեկ այլ բան։ Արդեն երկրորդ տարին է, ինչ երկիրը գտնվում է հետպատերազմյան ճգնաժամի փուլում։ Փուլ, երբ կառավարության միակ խնդիրն ու հոգսը պետք է լինի ողջ տնտեսության վերականգնումը փլատակներից։ Իսկ դրա համար անհրաժեշտ են նախևառաջ վերականգնման ծրագրեր և աշխատող ձեռքեր՝ դրանց (ծրագրերի) իրականացման համար։ Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա դրանք գործնականում չկան։ Նկատեք, ավելի քան երկու տասնյակ հատուկ հակաճգնաժամային միջոցառումներ ձեռնարկեց ժամանակին այս կառավարությունը՝ կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի համատեքստում, և միլիոնավոր դոլարներ ծախսեց։ Իսկ այ պատերազմի հետևանքների հաղթահարումն այդպիսի հատուկ ուշադրության չարժանացավ։ Բնավ զարմանալի չէ, միանգամայն այս կառավարության ոգով է։ Բայց հիմա արդեն հատուկ նշանակություն է ստանում մեկ այլ հարց. նույնիսկ եթե լինի ինչ-որ ծրագիր, նույնիսկ եթե դրա իրականացման համար միջոցներ գտնվեն, անմիջական աշխատուժ կարող է չլինել։ Կրկնեմ, երկրում կտրուկ կրճատվում են աշխատանքային ռեսուրսները։

Այստեղ, իհարկե, կարելի է հիշել, թե ինչպես էր այս կառավարությունը պատրաստվում լուծել երկրում աշխատուժի պակասուրդի խնդիրը, որը (խնդիրը) ժամանակին կարծես թե նկատել էին։ Կարելի է հիշել, թե ինչպես էր Քերոբյանը կոչ անում «բերման ենթարկել» արտագաղթածներին և գայթակղում նրանց հովիվների ու տաքու վարորդների մեծաքանակ թափուր աշխատատեղերով։ Կարելի է այս ամենը մտաբերել, բայց եթե անկեղծ, մի տեսակ ծիծաղդ չի գալիս, երբ տեսնում ես, թե ինչպես է երկիրը զրկվում վերականգնման նույնիսկ հնարավորությունից