ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ո՞վ է այսօր հիշում, թե ի թիվս սոցիալ-տնտեսական բազմաթիվ պոպուլիստական խոստումների՝ իշխանության գալիս ինչեր էր խոստանում Փաշինյանն արտաքին քաղաքականության և դիվանագիտության կազմակերպման ոլորտում։ Պարզվեց՝ ինչպես մյուս բնագավառներում, արտաքին գործերի նախարարությունում ևս ոչ միայն չպահպանվեցին տասնամյակների ինստիտուցիոնալ ավանդույթները, այլև դիվանագիտական ծառայությունն ու միջպետական հաղորդակցումը դարձավ ծաղրուծանակի առարկա։ Այդ ամենը չափից դուրս ցցուն արտահայտվեց 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և դրա ավարտից հետո՝ առայսօր։ Մինչդեռ հենց այդ կրիտիկական ժամանակահատվածը պետք է առանձնանար անխափան արտաքին քաղաքականությամբ։
Դիվանագիտական ծառայության ներկայացուցիչներն այսօր՝ արտաքին գործերի նախարարից մինչև նշանակվող դեսպաններ և հյուպատոսներ, նույնիսկ սիրողական մակարդակի պատկերացում չունեն իրենց ոլորտի վերաբերյալ և ընդամենը իշխանախմբին միջազգային տերերի տված հրահանգների անմռունչ իրագործողներն են, վկան՝ ԱԳՆ անձնակազմին Արարատ Միրզոյանին որպես քաղաքական պատասխանատվություն կիսող նախարար ներկայացնելը։
Համակարգը ողողված է դիվանագիտության հետ որևէ աղերս չունեցող հարյուրավոր պատահական դեմքերով, որոնք պարզապես քաղաքական թիմի անդամ են։ Մինչդեռ հայտնի ասույթի համաձայն՝ դիվանագետը նման է սակրավորին՝ սխալվում է ընդամենը մեկ անգամ, որից տուժում է մի ամբողջ պետություն։ Լիլիթ Մակունցից մինչև Վիկտոր Ենգիբարյան՝ դեսպաններին քաղաքական հովանավորչությամբ նշանակելու արատավոր պրակտիկան հասել է գագաթնակետին, երբ առանցքային երկրներում դեսպան են դարձել կասկածելի կամ պատահական մարդիկ։ Նրանցից որևէ մեկը վստահաբար ի զորու չէ դեսպանընկալ երկրում առաջ մղելու մեր պետության շահերը։
Ներքին ինքնիշխանության բացակայության բերումով՝ Հայաստանը հասկանալիորեն զուրկ է նաև արտաքին ինքնիշխանությունից, ինչի արդյունքում փաստացի խաթարված է մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Տարածաշրջանի հիմնական հավասարակաշռող ուժերի՝ դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի պատմական նվազագույնի վրա են, թույլ են տրվել աններելի սխալներ, ինչը միայն մեծացրել է թուրքական ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում։ Թուրքիան այսօր առաջնային դեր է ստանձնել և հավակնությունները չի էլ թաքցնում։ 25 տարի շարունակ Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով հայկական զինուժն էր, և իսլամական հանրապետությունն անվտանգության սպառնալիք չուներ։ Այսօր Արաքսի հովտում ադրբեջանցիներն ու պատերազմից հետո այնտեղ բուն դրած ծայրահեղականների որջերն են։
Ադրբեջանում պատերազմից հետո միայն ուժգնացած հայատյացությունը դրսևորվելու նոր առիթներ է որոնում, մինչդեռ փաշինյանական վարչախումբը թշնամու հետ բարեկամության անթաքույց քարոզ է անում՝ անձամբ ընդունելության արժանացնելով Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներին։ Նա կենդանական վախ ունի ռևանշ բառից անգամ։ Մինչդեռ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի չհայտարարված պատերազմը շարունակվում է, վկան՝ Ալիևի հռետորաբանությունն ու Բաքվի քայլերը։
Ի պատասխան դրա՝ խաղաղասիրության անդեմ կոչեր հնչեցնել՝ նշանակում է գետնով տալ ազգային և պետական արժանապատվությունը։ Խաղաղության գինը շատ բարձր է, բայց ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան մեզ հետ խաղաղ գոյակցության մտադրություն բացարձակ չունեն։ Շրջափակման վերացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու այդ երկրների հետ առևտրաշրջանառությունն ընդամենը քողածածկույթ են՝ շարունակելու հայկական տարրի դեմ պայքարը՝ մինչև հայկական պետության վերջնական կործանում։