Արցախի ԱԱԾ–ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, հայտնում են Արցախի ԱԱԾ–ից։

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում:

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեև ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմիններն առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ:

«Այդ առումով ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ և այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու և անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ծառայությունը բանակցում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա: