14 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍԵԼ ԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔՈՎ
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է...»
2010թ. հունվարի 19-ին Փաշինյանը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով (1-ին մաս)՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: 2022 թվականին Մարդու իրավունքների միջազգային դատարանը հրապարակեց վճիռը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով՝ հիմնվելով միայն ռեժիմի փաստարկների վրա։
Վճիռը հանգում է նրան, թե տեղի է ունեցել Փաշինյանի իրավունքների խախտում, ինչի կապակցությամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 16-ին վճռաբեկ բողոք ներկայացրեց՝ պահանջելով, որ 2010 թվականին Փաշինյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը չեղարկվի, իսկ ինքը՝ Փաշինյանը, արդարացվի:
Գլխավոր դատախազն այդ քայլը ձեռնարկեց երևանյան հայտնի իրադարձությունների 14-րդ տարելիցից 2 շաբաթ առաջ։ Փաշինյանը որոշել է մարտի 1-ի իրադարձությունների հերթական տարելիցը նշել սեփական սիրելի անձի լիակատար արդարացմամբ։ Ըստ երևույթին, նա ծանր է տարել ՍԴ որոշումը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին։ Հենց այդ հոդվածով էր սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվել երկրորդ նախագահին և մի խումբ անձանց։ Արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ընդհանուր առմամբ մոտ 2 տարի անցկացրեց ճաղերի հետևում և ազատ արձակվեց ՍԴ որոշմամբ, այլ ոչ թե համաներումով, ինչպես Փաշինյանը…
Քոչարյանը դարձավ Փաշինյանի ռեժիմի առաջին քաղբանտարկյալը։ Այդ առնչությամբ հիշեցնեմ ռեժիմի պարագլխի մոռացված հայտարարությունը, որը հաջորդեց երկրորդ նախագահի առաջին կալանավորմանը. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»: Այն փաստը, որ Քոչարյանը քաղբանտարկյալ էր, այսօր ճանաչված է երկրի բարձրագույն դատական ատյանի կողմից։ Հենց դա էլ հանգիստ չի տալիս Փաշինյանին, նա փափագում է, որ ինքն էլ անմեղ ճանաչվի, որ իրեն էլ արդարացնեն, իր վրայից հանեն Գոռ Քլոյանի, Դավիթ Պետրոսյանի, Տիգրան Աբգարյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համլետ Թադևոսյանի, Գրիգոր Գևորգյանի, Սամվել Հարությունյանի, Զաքար Հովհաննիսյանի մահվան մեղքը։ Գործադիր իշխանության ղեկավարի լիազորությունները, ստանձնելուն պես՝ Փաշինյանը ֆինանսական օգնություն բաժանեց զոհվածների հարազատներին և հայտարարեց 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տուժածների գրանցում, որոնց նույնպես օգնություն տվեցին…
Անցած 14 տարիների ընթացքում ԶԼՄ-ները հրապարակել են 2008 թ.փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական ժամանակագրությունը, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ի բոլոր իրադարձությունների մանրամասները: Ֆրանսիայի դեսպանատան մոտ և քաղաքապետարանի հարակից տարածքում Փաշինյանի գործողություններն ու կոչերը անհնար է անվանել որևէ այլ կերպ, քան հրահրանք: Բառացի չենք մեջբերի ցուցարարներին ուղղված կոչը՝ քաղաքից վռնդելու «ղարաբաղցի տականքներին», ինչպես նաև խոստովանությունը, որ իր հոգին փառավորվել է ոստիկանների հանդեպ ցուցարարների հաշվեհարդարը տեսնելիս։ Այդ արտահայտությունները անթիվ անգամներ մեջբերվել են, Փաշինյանի հայտարարությունները պահվում են մարտի 1-ի իրադարձությունների տեսագրություններում։
150 անձանց դեմ քրեական գործերի հարուցումը հիմնված էր, բացի ամենից, նաև այդ կադրերի վրա, որոնք Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն առանց խղճի չնչին իսկ խայթի առ այսօր բնութագրում են իբրև «խաղաղ ցույց»։ Բացի փաստագրական քրոնիկայից՝ քննության ձեռքում էին հայտնվել նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները։ Այդ խոսակցությունները նույնպես հրապարակված են…
Փաշինյանը վերաշարադրում է պատմությունը, որպեսզի մեղքը բարդի ուրիշների վրա
Մահակներ, քարեր, որոնք թռչում էին ոստիկանների ուղղությամբ, ավտոմեքենաների հրկիզումներ, Մոլոտովի կոկտեյլներ. ահա մարտի 1-ի բողոքի ակցիայի «խաղաղ» ատրիբուտների ոչ ամբողջական ցանկը։ Փաստահավաք խումբը՝ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի գլխավորությամբ, հրապարակեց ամբողջ 5 զեկույց, դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այդ զեկույցներում ստի աստիճանն անցնում է ամեն չափ ու սահման, ուստի խմբի գործունեությունը կարելի է համարել պատմությունը վերաշարադրելու Փաշինյանի ներկայիս ջանքերի գլխավոր խաղափորձ։
Այսօր նա փորձում է իր նախորդների ուսերին բարդել ոչ միայն 10 մարդու մահվան մեղքը, այլև կարգավորման շուրջ բանակցությունների տապալումը, ինչը ձգան ծառայեց Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի համար։ 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը ռեժիմի պարագլուխը ցանկանում է բարդել բանակի, գեներալակազմի և լրտեսական ցանցի վրա:
14 տարի շարունակ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փորձել են իշխանության վրա բարդել փողոցային անկարգությունների հրահրման մեղքը։ Ուզում եմ հիշեցնել, որ 2008թ. մարտի 1-ին, անկախության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ, ընդդիմությունը՝ ի դեմս բազմակուսակցական Կոնգրեսի ներկայացուցիչների, չէր քայլում ցուցարարների առջևից։ Տեր-Պետրոսյանի համախոհները թաքնվում էին ակցիայի մասնակիցների թիկունքում, սպանվածների մեջ չկա Կոնգրեսի ոչ մի անդամ։ Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակից Արամ Մանուկյանը հարցազրույցներից մեկում մեղադրեց երկրորդ նախագահին, թե իբր՝ Ռոբերտ Քոչարյանը ստել է, պնդելով, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հրապարակում վանկարկել են. «Մանվե՛լ, Մանվե՛լ», կոչ անելով գեներալ Մանվել Գրիգորյանին գալ հրապարակ և միանալ վրանային ճամբարի մասնակիցներին։
Այդ իրադարձությունների բոլոր վկաները ամենայն պատասխանատվությամբ հաստատում են, որ հրապարակում մարդիկ սկսել են վանկարկել «Մանվե՛լ»՝ հանրահավաքներից մեկի ամբիոնից Լևոն Տեր-Պետրոսյանի սադրիչ և բացահայտ սուտ հայտարարությունից հետո, թե բանակի մի մասը, իբր, պատրաստ է միանալ Կոնգրեսին։ Ի տարբերություն գեներալ Գագիկ Մելքոնյանի՝ գեներալ Մանվելը չի գնացել հրապարակ, նրա օրինակին է հետևել «Երկրապահ» ռազմականացված միությունը։ Տեր-Պետրոսյանի շրջապատը մեղադրեց Գրիգորյանին այն բանում, որ իշխանափոխության հետ կապված սադրանքը չհաջողվեց։ Հենց այդ պատճառով էլ, վարչապետի աթոռին բազմելուն պես, Փաշինյանը սկսեց հաշվեհարդար տեսնել գեներալի հետ 2008-ի համար։ Իսկ «տուշոնկաներն ու սգուշչոնկաներն» ընդամենը շոուի բաղկացուցիչներն էին։
Մանվելի նկատմամբ հաշվեհարդարը ցուցադրական բնույթ էր կրում, նրան նպատակադրված սպանում էին, պահելով բանտախցում, չնայած ծանր ախտորոշումներին, իսկ միջգերատեսչական բուժհանձնաժողովը 3 ամիս շարունակ «չէր կարողանում» եզրակացություն ներկայացնել ծանր դիաբետի և քաղցկեղի առկայության վերաբերյալ…
Իհարկե, գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը կբավարարվի։ Եվրոպական դատարանը հեռու է, իսկ 2008թ. մարտի 1-ի վկաները՝ մոտ։ Նիկոլ Փաշինյանին կարդարացնեն 14 տարի առաջ բոլորի աչքի առաջ իր արածի համար, իսկ դա նշանակում է, որ նույն կերպ կարող են վարվել զանգվածային բողոքի ապագա ակցիաների մասնակիցները, Ազատագրական շարժման և Դիմադրության շարժման ակտիվիստները, որոնք ներկայումս պատրաստվում են փողոց դուրս բերել իրենց կողմնակիցներին: Փաշինյանին կարդարացնեն բռնության կոչերի և անկարգությունների հրահրման համար, իսկ դա նշանակում է, որ նրա օրինակին կարող են հետևել ուրիշները։ Փաշինյանը փափագում է, որ իրեն նույնպես հետին թվով դասեն քաղբանտարկյալների շարքին, սակայն մի հանգամանք նա հաշվի չի առնում. այն, որ մենք դեռ ողջ ենք, մենք եղել ենք այնտեղ, մենք ամեն ինչ տեսել ենք սեփական աչքով…