ՌԴ ԱԳՆ․ ԳԴՀ-ն որոշումը ոչ թե սառը, այլ հենց «ամենատաք» պատերազմի ուրվականներ է կանչում

Ուկրաինային զենք մատակարարելու ԳԴՀ-ի որոշումը ոչ թե սառը, այլ հենց «ամենատաք» պատերազմի ուրվականներ է կանչում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

«Վերջին օրերին մենք ականատես եղանք Ուկրաինային ռազմական սպառազինությունների մատակարարումների մեկնարկի մասին (մասնավորապես, խոսքը 1000 հակատանկային շարժական հրթիռների, 500 «Ստինգեր» շարժական զենիթահրթիռային համակարգերի, Կիևին գերմանական արտադրության զենք փոխանցելու մի շարք երրորդ երկրներին թույլտվություն տալու մասին է) գերմանական կողմի բազաթիվ հայտարարությունների, ինչը հակասում է այս հարցում Բեռլինի նախկին հավասարակշռված դիրքորոշմանը: Գերմանիայի կառավարության այս որոշումը պաշտոնապես հաստատեց Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը... Նման վրդովեցուցիչ ժեստը հիմնավորվում է «Ուկրաինայի պայքարով՝ հանուն իր ազատության և անկախության», ինչպես նաև այն «սպառնալիքով», որն իբր ներկայացնում է մեր երկիրը եվրոպական անվտանգությանը։

Լուսնի տակ ոչ մի բան նոր չէ։ Կրկին, ինչպես պատմության մեջ բազմիցս եղել է, գերմանական հողից եկող զենքը կուղղվի ռուս զինվորների դեմ։ Այս ֆոնին հատկապես ցինիկ հնչեցին Գերմանիայի և Ռուսաստանի ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի կարևորության մասին Շոլցի հավաստիացումները։

Իր այս որոշմամբ ԳԴՀ-ն ոչ թե սառը, այլ հենց «ամենատաք» պատերազմի ուրվականներ է կանչում: Չափազանց շատ տխուր ասոցիացիաներ է առաջացնում Կիևի հետագա «ռազմական» հագեցման հեռանկարը Բեռլինի կողմից, որն, ըստ ամենայնի, ակնհայտորեն իրեն հաշիվ չի տալիս, որ ներկա իրավիճակում մատակարարվող զենքերը ուկրաինական տարածքում հեշտությամբ կարող են նեոնացիստների, ահաբեկիչների և կողոպտիչների ավար դառնալ»,- նշել է նա, տեղեկացնում է News.am։