Խամոյան. Երկրի անհավասարակշիռ ղեկավարը ներկա պայմաններում շռայլություն է

Այսօր նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Այս պայմաններում երկրի անհավասարակշիռ ղեկավարի առկայությունը շռայլություն է, մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ այս բարդ աշխարհում, գրեթե երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, Հայաստանի վարչապետի աթոռին, մեղմ ասած, անկայուն հոգեվիճակով մարդ է նստած։ Արցախը հանձնելու հարցից հետո Փաշինյանը սկսեց սպառնալ՝ ասելով, որ ինքը հողեր չի հանձնել, դրանք նախկին իշխանություններն են հանձնել, միացրեց թալանի ու այլ բաների մասին հին ձայնասկավառակը։

Մենք փորձեցինք իմանալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ ինչո՞վ է պայմանավորված մեր քվեարկությունը ՄԱԿ-ում։ Մի դեպքում քվեարկում ես Ռուսաստանի օգտին, որն ապահովում է անվտանգությունը, այդ թվում՝ Արցախի, մյուս դեպքում (ՄԱԿ-ում) ձեռնպահ ես քվեարկում, և Ուկրաինան դա ներկայացնում է որպես ձեռքբերում։ Ընդ որում, Ուկրաինան երբեք չի քվեարկել հայամետ դիրքերից, հակառակը՝ Կիևը միշտ քվեարկել է ադրբեջանամետ դիրքերից»,- ընդգծեց պատգամավորը։

Խամոյանը հիշեցրեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինայի դիրքորոշման և Ալիևին Զելենսկու շնորհավորանքների մասին։ «Ուստի քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու Հայաստանի մոտեցումները։ Այս ամենը կարևոր նշանակություն ունի և պահանջում է կոնկրետ դիրքորոշում, քանի որ անվտանգության հարցում մարտահրավերները մեզ համար կրկնապատկվել և նույնիսկ եռապատկվել են։ Իրավիճակն այլևս այն չէ, ինչ մի քանի օր առաջ էր։ Մեզ համար պակաս վտանգավոր չէ, քան 44-օրյա պատերազմի նախաշեմին։ Ակնհայտ է, որ այս գործընթացները մեծ փոփոխությունների պատճառ են դառնալու։

Մեր հարցերը վերաբերում էին ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության, Հայաստանի դիրքորոշման կամ դրա բացակայության թեմաներին։ Սակայն Փաշինյանը երբեք բովանդակալից պատասխան չի տվել բովանդակալից հարցին։ Սա առաջին անգամը չէ։ Ինչ վերաբերում է արցախյան խնդրին, ապա Հայաստանում ոչ մի նախկին իշխանություն չի բացառել փոխզիջումները, ավելին՝ բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը հիմնված է եղել դրա վրա։ Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների մոտեցումների մեջ տարբերություն եղել է, բայց ոչ ոք չի բացառել, որ ամեն ինչ կորոշվի փոխզիջումների հիման վրա։ Իսկ Փաշինյանի իշխանության օրոք հանձնվեց ավելի շատ, քան քննարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրանք Արցախի 75 տոկոսը հանձնեցին։ Սա նախորդ իշխանությունների օրոք չի արվել։ Իսկ այսօր Փաշինյանը խոսում է այնպիսի տոնով, կարծես հասել է Բաքու, բայց մենք դրա մասին չգիտենք»,- ասաց նա։ Խամոյանի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանական ճգնաժամը հանգուցալուծվել է, տեղեկացնում է News.am։