ՎԱՂ ՉԷ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՆԵԼ ԴԻՄԱԿՆԵՐԸ
Կորոնավիրուսով հիվանդացությունը Հայաստանում նվազում է, սակայն մահացության ցուցանիշն աճում է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ COVID-19-ը մեր երկրում 8,478 մարդու կյանք է խլել։ Սա բավական բարձր ցուցանիշ է, և մենք, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով, մտել ենք մահացության ամենաբարձր տոկոս ունեցող երկրների տասնյակ:
«ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Վ.Ավագյանի անվան բժշկական կենտրոնի վարակաբան-բժիշկ Արմեն ՕՀԱՆՅԱՆԸ նշեց, որ դա ունի և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ։
«Հենց սկզբից Հայաստանի իշխանությունները սխալներ են թույլ տվել, մասնավորապես, պատվաստման իմաստը ճիշտ պարզաբանելու, կանխարգելիչ միջոցները պահպանելու առումով,- ասաց բժիշկը:- Օբյեկտիվ պատճառների շարքում կնշեմ բուժռեսուրսները: Ի տարբերություն շատ երկրների, մենք պատրաստ չէինք հիվանդացության այդչափ բարձր ցուցանիշներին։ Տեստավորված քաղաքացիների տոկոսը բավական ցածր է։ Նույնիսկ զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, մահացության տոկոսը համավարակի սկզբում ծայրահեղ բարձր էր։ Իսկ այ Իսրայելում այն կազմում է ընդամենը 0,2 (Հայաստանում՝ 2): Փառք Աստծո, «Օմիկրոնի» ալիքը մարում է, բայց վտանգը պահպանվում է, ուստի պետք է շարունակել պատվաստվել։ Հիվանդացությունը նվազել է, քանի որ մարդիկ հիմնականում սկսել են «ոտքի վրա» տանել կորոնավիրուսը, բայց պետք է հաշվի առնել, որ շատերն արդեն պատվաստված են, իսկ վարակելիության ցուցանիշը բարձր է: Ռիսկի խմբերի համար «Օմիկրոնը» վտանգավոր է, ինչպեսև նախորդ բոլոր շտամները»:
Մինչդեռ երեկ, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի փոփոխությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը հանել է որոշ սահմանափակումներ։ Չեղարկվել է փակ տարածքում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ բուժաշխատողների։ Մնացած բոլոր դեպքերում դիմակ կրելու պահանջը խորհրդի բնույթ է կրում։
«Ես նման հապճեպ որոշումներ չէի կայացնի,- հայտարարեց բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:- Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի թեթև են տանում «օմիկրոնը», չպատվաստված և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները բախվում են բարդացումների, ընդհուպ մինչև մահացու ելք: Եթե ոմանք ընդհանրապես չեն պատվաստվել, ապա հնարավոր է, որ չհասցնեն բավարար քանակությամբ հակամարմիններ հավաքել՝ հիվանդությունը թեթև տանելու համար։ Միշտ էլ ուզում ես չհիվանդանալ, քանի որ երբեք չգիտես՝ թեթև ու անախտանիշ կտանես հիվանդությունը, թե՞ կլինի ինչ-որ բարդացում։ Մեկի իմունային համակարգն ավելի ուժեղ է, մյուսինը՝ ավելի թույլ: Տարեց մարդկանց և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին ես այնուամենայնիվ խորհուրդ կտամ շարունակել պահպանել կանխարգելիչ միջոցները. շնչառական դիմակներ հագնել, պահպանել սոցիալական հեռավորությունը և խուսափել մարդաշատ վայրերից»: