ՈՍԿՈՒ ՍԱՐԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՅՈՒՋԵԻ ԱՆՑՔԵՐ
Դեռևս այս տարվա փետրվարի կեսերին, ուկրաինական իրադարձությունների փաստացի մեկնարկից 10 օր առաջ, Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում քննարկում էին Եվրամիության ներդրումային նախագիծը Հայաստանում: Խոսում էին բարեփոխումների, ժողովրդավարական վերափոխումների գործում Հայաստանի կառավարության հաստատակամության ու այլևայլ բաների մասին: Մի խոսքով, ստանդարտ ձևաչափով քննարկեցին ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության հարցերը, որը երկիրը պետք է ստանար առաջիկա 5 տարիների ընթացքում: Իսկ հետո սկսվեց ՌԴ ռազմական գործողությունն Ուկրաինայում, սկսվեց պատժամիջոցների զուգահեռ գործընթացը և ԵՄ-ի աննախադեպ բացահայտ ճնշումը բոլոր նրանց վրա, ովքեր չեն դատապարտում Կրեմլին։
ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՇԱՐՔՈՒՄ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՀԱՅՏՆՎԵՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ Առայժմ, իհարկե, Երևանի վրա նման ճնշումն առանձնապես նկատելի չէ։ Բայց ակնհայտ է, որ լոկ առայժմ։ Մյուս կողմից՝ պարզ է, որ եվրոպացիները սկզբունքորեն հրաժարվում են փափուկ ուժից, պատռում ժողովրդավարության բարի ու անշահախնդիր ջատագովների և հետխորհրդային տարածքում ժողովրդավարական բարեփոխումների գործում ներդրում կատարողների իրենց դիմակը։ Եվ առհասարակ կասկածից վեր է այն փաստը, որ այսօր ԵՄ-ի համար արդիական է բացառապես ուկրաինական ֆինանսական աջակցության ուղղությունը։ Մենք հիմա չենք հետաքրքրում միությանը։
Հիշեցնեմ, որ անցած տարվա երկրորդ կեսի ողջ ընթացքում ԵՄ ֆինանսական աջակցության տվյալ ծրագիրը Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացվում էր որպես երկրի տնտեսական վերականգնման հիմնական դրամական հիմք։ Այո, հիմքը, մեղմ ասած, խարխուլ է, քանզի ֆինանսական աջակցության տակ հիմնականում ենթադրվում էր վարկերի տրամադրում առանց այդ էլ պարտքերի մեջ թաղված երկրին։ Բնականաբար, այն պայմաններում, երբ պետական պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 60%-ը, պարտքային նոր պարտավորությունները ստեղծում են նոր և լուրջ ռիսկեր։
Այդուհանդերձ երկրի տնտեսության մեջ 2,6 մլրդ ներարկումները կարող էին տեղից շարժել մեր էկոնոմիկան։ Մանավանդ եթե հաշվի առնենք, թե կոնկրետ որ ուղղություններով պետք է օգտագործվեին դրանք։ Ընդհանուր առմամբ հայտարարվել էր այդպիսի հինգ ուղղություն։ Բոլորը չենք թվարկի. նշենք միայն, որ ԵՄ-ի սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում էր, օրինակ, 500 մլն եվրո աջակցություն ցուցաբերել ՓՄՁ 30 հազար ընկերությունների, տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսել Սյունիքի մարզի ենթակառուցվածքային օբյեկտների վրա: Բացի ամենից, ԵՄ-ից ստանալիք 2,6 միլիարդի գործարկումը կհանգեցներ ՀՆԱ-ի միանգամայն էական աճի և համապատասխանաբար գանձարանի հարկային մուտքերի ներհոսքի։ Ի դեպ, գանձարանի մասին։ Ընթացիկ տարվա բյուջեն ծրագրված է ահռելի պակասուրդով. 236 մլրդ դրամ։ Իսկ այդ պակասուրդը նախատեսվում է ծածկել ներքին և արտաքին աղբյուրների հաշվին։ Չգիտեմ, ներքինների պարագայում՝ ինչպես, բայց ակնհայտ է, որ արտաքին աղբյուրների ներգրավմամբ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով մենք ակնհայտորեն չենք խուսափի խնդիրներից։ Մանավանդ եթե հաշվի առնենք նախկինում հաճույքով վարկեր առաջարկող հիմնական արտաքին աղբյուրների քաղաքական դիրքորոշումը։ Օրինակ, նույն ԱՄՀ-ն կամ ՀԲ-ն հիմա դժվար թե նախկին էնտուզիազմով ապահովեն ՄԱԿ-ի հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացած Հայաստանին վարկային միջոցներով։ Սա ամենևին չի նշանակում, թե պետք էր այլ կերպ քվեարկել։ Սա նշանակում է լոկ այն, որ Հայաստանը չի խուսափի առնվազն անուղղակի տնտեսական պատժամիջոցներից և տվյալ իրավիճակում օբյեկտիվորեն առաջացած խնդիրներից։
Հայաստանին ԵՄ-ի խոստացած ոսկու սարերը, դատելով ամենից, հօդս կցնդեն ամենամոտ ժամանակներս։ Դա մեզ համար այնքան էլ դրամատիկ չէր լինի, եթե այդ պատրանքների վրա կառուցված չլիներ կառավարության հիմնական հաշվարկը։ Իսկ հիմա, մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ ֆինանսական ռեսուրսների հաշվին կառավարությունը կարող է փորձել վերականգնել երկրի տնտեսությունը, որը գրեթե սպանված է համաճարակից ու պատերազմից։ Այնքան էլ հասկանալի չէ նաև, թե ֆինանսական ինչ ռեսուրսների հաշվին է նա ծածկելու բյուջեի ահռելի պակասուրդը, որը հիմնականում գործող իշխանության ներկայացուցիչների, տարբեր տրամաչափի պաշտոնյաների ցուփ ու շվայտ ապրելու հակվածության արդյունքն է։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայիս ճգնաժամը չի դրդի նրանց անցնել խնայողության ռեժիմի, նրանք չեն հրաժարվի պարգևավճարներից ու բոնուսներից կամ շքեղ մեքենաներից։ Փոխարենը հեշտությամբ կզոհաբերեն, ասենք, գանձարանի կապիտալ ծախսերը՝ հօգուտ ընթացիկների։