ԲԱՐԴԱԿ՝ ՏԵՂԵՐՈՒՄ։ ՌԵԺԻՄԸ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ Է ՈՒՍԱՊԱՐԿԵՐԸ...

Դեկտեմբերի 5-ից ի վեր նշանակված չեն վարչական միավորների ղեկավարները

Ձուկը գլխից է հոտում, սակայն կառավարման վերին և միջին օղակներում տիրող ճգնաժամը բնավ այնքան նկատելի չէ, որքան բարդակը տեղական ղեկավարության մակարդակով, որը, ինչպես հայտնի է, ավելի մոտ է ժողովրդին: Ստորև ներկայացված պատկերը հստակ արտացոլում է, թե ինչ է կատարվում պետկառավարման համակարգում. բուռն գործունեության իմիտացիան փոխարինել է կոնկրետ հարցերի լուծմանը բոլոր մակարդակներում:

Առաջին օրինակը. փետրվարի 22-ին լրացել է Թալին համայնքի 28 տարածքային միավորների ղեկավարների պաշտոնավարման ժամկետը: Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով նրանց ծանուցել են մինչև փետրվարի 21-ն աշխատատեղերն ազատելու անհրաժեշտության մասին: Որ Տավրոս Սափեյանը համայնքի ղեկավար է դարձել իշխանության ձեռնարկած ճնշումների արդյունքում, հանրահայտ փաստ է։ Այն մասին, որ ընդդիմությունը համայնքի խորհրդում ինքնաբացարկ է հայտարարել, իսկ ավագանու մյուս 2 խմբակցությունները հրաժարվում են մասնակցել նիստերին, նույնպես հաղորդվել է բազմիցս։

Իշխող խմբակցությունը մեծամասնություն չունի, ինչից հետևում է, որ նիստերը չեն անցկացվում քվորումի բացակայության պատճառով։ Սափեյանը երդում չի տվել, նա չի կարող իրականացնել իր լիազորությունները, այդ թվում՝ խոշորացված համայնքի տարածքային միավորների 28 ղեկավարների նշանակումը։ Այլ կերպ ասած՝ Թալին համայնքում դեկտեմբերից ի վեր անիշխանություն է։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 3 փուլերից հետո այս պատկերը բնորոշ է մի շարք համայնքների։ Ըստ օրենքի՝ եթե ավագանին ի վիճակի չէ նիստեր գումարել, ապա 3 ամիս անց այդպիսի համայնքում նոր ընտրություններ են նշանակվում։

Система управления переживает беспрецедентный кризис

Երկրորդ օրինակը. համանման իրավիճակ է ստեղծվել նաև խոշորացված Նոյեմբերյան համայնքում, որտեղ ղեկավար Արսեն Աղաբաբյանը մինչև հիմա որոշում չի կայացրել 18 վարչական միավորների ղեկավարներ նշանակելու վերաբերյալ։ Փոխարենը Աղաբաբյանը բավական աչքի է ընկել ղեկավար աշխատողներին զբաղեցրած յուղոտ պաշտոններից ազատելու գործում։ Նա պաշտոնանկ է արել Այրում տարածքային միավորի ներդրումների և զարգացման հիմնադրամի տնօրեն Սուրիկ Թանդարյանին՝ «առողջական վիճակի պատճառով»։ Աղաբաբյանի ընտրվելուց հետո կադրային ջարդը չի դադարում, ձևակերպումները շատ տարբեր են... Ինչ վերաբերում է տարածքային միավորների ղեկավարների նշանակված չլինելուն, ապա պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որն ուշացումով է հաստատել համայնքապետարանի պաշտոնական դրույքաչափերը։ Ասում եմ, չէ՞. բարդա՛կ։

Վանաձորի կառավարումը կաթվածահար է եղել մինչև հուլիս

Երրորդ օրինակը. Այն մասին, որ խոշորացված Վանաձոր համայնքում բացարձակ խառնաշփոթ է տիրում աղբահանության և հրատապ այլ հարցերի լուծման մասով, գրվել է բազմիցս։ «Մամիկոն Ասլանյան» նախընտրական դաշինքի ղեկավարը կալանքի տակ է, ընդդիմությունը նրան համարում է քաղաքական բանտարկյալ։

Կալանավորման իրական պատճառները ոչ մի կերպ կապված չեն վերընտրված քաղաքապետին ներկայացված մեղադրանքների հետ։ Իրականում Ասլանյանին կալանքի տակ են պահում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարական չտալու և պաշտոնակատարի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանի դրածոյի համար աթոռը չազատելու պատճառով։

Երրորդ խոշորագույն քաղաքի կառավարումը կաթվածահար է: Ընտրություններում պարտված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները։ Համայնքից անդադար լուրեր են ստացվում, որ իշխանությունը պատրվակ է փնտրում Վանաձորի ընտրված ավագանու լուծարման համար, սակայն դե յուրե նման հիմքեր չկան։ Խորհուրդը դեկտեմբերի 24-ին նիստ է անցկացրել, ուստի այն պետք է համարել գործող։ Վանաձորից ստացված ամենաթարմ լուրերի թվում հարկ է հիշատակել Վերաքննիչ դատարանի որոշումն այն մասին, որ ավագանու նիստերի անցկացման արգելքը չեղարկելու համար կպահանջվի հատուկ նիստ, որը նշանակված է հուլիս ամսին: Իսկ մինչ այդ համայնքապետարանը մնալու է ներկայիս կաթվածահար վիճակում։ Ասենք, բացի վանաձորցիներից, դա ուրիշ ոչ մեկին չի հուզում։

Իրավիճակը Սյունիքում կարգավորվել է

Չորրորդ օրինակը։ Կաթվածահար համայնքներից (օրինակները բազմաթիվ են) անցնենք կաթվածահար մարզերին։ Կապանի ընտրություններում կրած խայտառակ պարտությունից հետո (չնայած մարզային աշխատակազմի բոլոր ջանքերին, համայնքի ղեկավարի պաշտոնը պահպանեց գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը) իշխող ուժի թեկնածու Դավիթ Դանիելյանը որոշեց Մելիքսեթ Պողոսյանի հրաժարականից հետո զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը:

Система управления переживает беспрецедентный кризис

Այդ պաշտոնի առավել հավանական թեկնածու էր համարվում փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, սակայն բոլորովին վերջերս նա տեղ ստացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդում: Բաբայանը Դանիելյանի հետ կապված է վաղեմի բարեկամությամբ, հենց այդ պատճառով էլ նախքան Պողոսյանի հրաժարականը թերթերն ակտիվորեն տեղեկություններ էին հրապարակում այն մասին, որ Դանիելյանն իր համերկրացիներին արդեն պաշտոններ է խոստանում կոմբինատում։ Դանիելյանը չէր կասկածում, որ Փաշինյանը հարցը կլուծի իր օգտին, սակայն վարչապետը Սյունիքի մարզպետ նշանակեց իր սիրելի Ռոբերտ Ղուկասյանին, որը մինչ այդ կատարում էր իր խորհրդականի պարտականությունները։

Պողոսյանն ամեն ինչ արեց, որ մնա մարզպետի պաշտոնում, սակայն վերին էշելոնից վաղուց ու կանոնավորապես տեղեկություններ էին ստացվում, որ նրա հրաժարականի հարցը լուծված է, մնում է իրավահաջորդ գտնել։ Նկարիչ Դանիելյանը թույլ կերպար է, Սյունիքում նա հեղինակություն չի վայելում։ Ի դեպ, մարզպետի պաշտոնին հավակնում էր նաև խմբակցության մեկ այլ պատգամավոր. Կարեն Համբարձումյանը, սակայն իշխող ուժի ղեկավարությունը վճռականորեն դեմ արտահայտվեց նրա թեկնածությանը։ Հիմքեր կան ենթադրելու, որ դա արվեց ոչ այլ կերպ, քան Փաշինյանի գաղտնի հրահանգով։

Վերջին ժամանակներս Պողոսյանն ակտիվորեն ձևացնում էր, թե քրտնաջան աշխատում է, մինչդեռ իրականում նրա աշխատանքը հանգում էր համայնքներ այցելելուն և ղեկավարների հետ զրույցներին։ Փաշինյանը հետևեց այդ ցուցադրական ակտիվությանը և մարզպետ նշանակեց Ղուկասյանին։ Փաշինյանի դրածոները տեղերում չեն զբաղվում ոչ մի բանով, բացի կադրային փոփոխություններից։ Օրինակ, Արագածոտնի մարզպետը՝ իշխող կուսակցության նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը, պատասխանատու պաշտոնում իր գործունեությունը սկսել է դպրոցների տնօրենների հեռացումով։ Աշխատանքից ազատում է նախկիններին, նշանակում նորերին, ընդ որում տեղերից մշտապես տեղեկություններ են ստացվում, որ համայնքներում մարզպետին բանի տեղ չեն դնում, բոլոր հարցերը լուծում են համայնքների ղեկավարները։

Օրինակ, Աշտարակ համայնքում բոլոր հարցերը լուծում է Թովմաս Շահվերդյանը։ Վերջերս մամուլում հայտնվեց Շահվերդյանի կողմից Արագածոտնի մարզպետարանի այցելության հետ կապված պատմությունը։ Մարզպեհարանի շենքում Շահվերդյանը բուռն բանավեճ էր ծավալել քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի հետ։ Բանավեճն այնքան թեժ էր, որ հայտնվեց թերթերում, Շահվերդյանը հաստատեց, որ տեղի է ունեցել «թերըմբռնում աշխատանքային հարցերի հողի վրա»։ Դե, մենք այդպես էլ մտածեցինք...

Փարաքարի բնակիչները շարունակում են բողոքի ակցիաները

Մարտին տեղի ունեցավ տեղի մասշտաբներով զանգվածային բողոքի հերթական ակցիան Փարաքարում։ Իրավիճակը ոչ մի կերպ չի կարգավորվում դեկտեմբերի 5-ից ի վեր։ Մենք բազմիցս նկարագրել ենք դա ամենայն մանրամասնությամբ, ուստի սահմանափակվենք հիշեցումով, որ համայնքի ղեկավարությունն ընտրվել է անթիվ-անհամար խախտումներով։ Արդյունքում կրքերը մոլեգնում են արդեն չորս ամիս շարունակ։

Բնակիչները բողոքում են, որ Դավիթ Մինասյանը պարապության է մատնված համայնքի ղեկավարի պաշտոնում: Գարնանային ակցիայի մասնակիցները ավտոարշավ են իրականացրել դեպի Արմավիրի մարզպետարան: Քանի որ խոսում ենք համայնքների մասին, ապա տեղին է հիշեցնել, որ 2023 թվականի ամռանը լրանում է մայրաքաղաքի ավագանու լիազորությունների ժամկետը։ Եթե Երևանի ավագանու ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակի ոչ մի հնարավորություն չէր ունենա…

Հինգերորդ օրինակը. Գեղամասարի (Գեղարքունիքի մարզ) ղեկավար Հակոբ Ավետյանը նախորդ տարվանից խոսում է այն մասին, որ համայնքի 18 գյուղերից 6-ը զրկվել են խմելու ջրի աղբյուրներից (մի մասը՝ ամբողջությամբ, մյուսները՝ մասամբ)։ Կութ, Սոթք և Ազատ գյուղերի ջրամատակարարման աղբյուրները գտնվում են ադրբեջանցի զավթիչների դիրքերի հարևանությամբ, Ջաղացաձոր գյուղի աղբյուրները սկիզբ են առնում Այրքից, ուստի մասամբ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Նորաբակ և Գեղամաբակ գյուղերի ջրի աղբյուրներն ամբողջությամբ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ավետյանն արդեն ամիսներ շարունակ ահազանգում է, սակայն մարզպետն ու կառավարությունը ոչինչ չեն անում իրավիճակը կարգավորելու համար։ Համաձայն միջազգային իրավունքի նորմերի՝ բնակչության ջրամատակարարման նկատմամբ ոտնձգությունը դասվում է ցեղասպանության հատկանիշների շարքին։ Այդ ցեղասպանության մասին գործադիր իշխանությունը նախընտրում է լռել՝ բերանը ջուր առած, թեև հիշյալ համայնքներին սպառնում է բնակչության զանգվածային արտագաղթ։

Վեդի համայնքի (որտեղ մարտի 27-ին կրկին տեղի կունենան ընտրություններ) ղեկավարի պաշտոնակատարի՝ «Կոկորդիլոս» մականունով Գարիկ Սարգսյանի կամայականություններին չենք անդրադառնա, այդ մասին արդեն շատ է խոսվել։ Ներկայումս Գարիկը զբաղված է մանկապարտեզներով՝ վարիչների եկամտաբեր պաշտոններում նշանակելով իր ծանոթներին։ Թեմային կվերադառնանք, երբ հայտնի կդառնա նախընտրական մրցավազքի մասնակիցների թիվը, իսկ այս խոսակցությունը ձեռնարկեցինք՝ ցույց տալու համար, որ տեղերում տիրող բարդակը իշխանության վերին և միջին օղակներում առկա իրավիճակի ամենաճշգրիտ արտացոլումն է։ Փաշինյանի թիմի անդամները տեղերում շատ լավ գիտակցում են, որ իրենք ժամանակավոր են, և տեսանելի հեռանկարում ստիպված են լինելու հավաքել ուսապարկերը, ուստի որևէ այլ բանի մասին, բացի սեփական շահից, այդ մարդիկ ի վիճակի չեն մտածել…