ԱՐՑԱԽԸ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ

Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։

Պարբերական գնդակոծություններ, այդ թվում՝ ականանետներից, բնակավայրերը լքելու վերաբերյալ բարձրախոսներով հնչեցվող կոչեր տեղի բնակիչներին, Հայաստանից Արցախ գազատարի վնասված հատվածին մոտենալու արգելում ռուս խաղաղապահներին և հայ մասնագետներին, ինչի արդյունքում Արցախը ոչ միայն զրկվել է գազից, այլև խաթարված են էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումները... Բաքուն հույս ունի կոտրել սեփական պետականությունը կառուցելու արցախցիների կամքը։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում վայրահաչի նոր ալիք է բարձրացել ռուսական խաղաղապահ զորախմբի, նրա հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի դեմ: Ըստ երևույթին, Բաքուն հույս ուներ, թե Մոսկվայի հետ դաշնակցային պայմանագրի ստորագրումից հետո նոր արտոնություններ կստանա Արցախի հարցում, հնարավորություն կունենա իր զինված ուղեկալները տեղադրելու Արցախի տարածքում, բայց սպասելիքները չարդարացան, և հիմա ադրբեջանական դիրքերից կրակոցներն ավելի ու ավելի հաճախ են «պատահաբար» արձակվում արդեն խաղաղապահների ուղղությամբ... Դրանում նույնպես զարմանալի ոչինչ չկա. բնավ իլհամավարի չէր լինի չօգտվել Ուկրաինայում տիրող իրավիճակից, չանցկացնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկման արշավ, չշանտաժել վերջինիս նոր սադրանքներով։

Ռուս խաղաղապահներն իրենց հերթին միջոցներ են ձեռնարկում. Արցախի տարածքում փակել են տրանսպորտային միջանցքները Ադրբեջանի զինված ուժերի համար, նոր դիրքեր են կառուցում և ուժեղացնում առկա դիրքերը։

Դեպի ո՞ւր է գնում այս ամենը։ Բաքուն մտադիր է խուճապ սերմանել Արցախում, ստիպել մարդկանց լքել տները, ստիպել ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը սատարել Բաքվի այս կամ այն պահանջներին։ Կոնկրետ այսօրվա իրավիճակում Բաքուն դժվար թե որոշի արմատական քայլերի դիմել, օրինակ՝ հարվածել խաղաղապահներին։ Բայց իմանալով, թե ում հետ գործ ունենք, պետք է խոստովանել, որ ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից։ Եթե Ուկրաինայի շուրջ ճգնաժամն ընդունի ավելի մասշտաբային և ավելի քաոսային բնույթ, ապա ոչինչ բացառել չի կարելի։

Արցախցու կամքը այդպիսի շանտաժով անհնար է կոտրել, արցախցիներն ինքնապաշտպանական ջոկատներ են ստեղծում։ Ռուս խաղաղապահների համար նույնպես դժվար թե ընդունելի է տարածաշրջանից իրենց դուրսմղման այդպիսի սցենարը։ Այլ բան է, որ 44-օրյա պատերազմը ցույց տվեց. Արցախի գլխավոր խնդիրը նույնիսկ ոչ թե սպառազինությունն է, այլ այն անձնավորությունը, որը նստած է ՀՀ վարչապետի աթոռին։ Գլխավոր վտանգն ամփոփված է Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ, որոնք արդեն մոռացել են ռազմագերիների մասին, մեր տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայության մասին…

Երկու տարի առաջ Փաշինյանի տված խոստումը՝ հանդես գալու այնպիսի բացահայտումներով, որոնք ճգնաժամ կառաջացնեն Ադրբեջանում, այսօր պարզապես զավեշտալի է թվում. գտնվելով Բաքվի արտաքին կառավարման տակ՝ իշխանությունները պաշտոնանկ են անում նախարարներին Արցախ այցելելու համար, վախենում են հանդիսավոր միջոցառումներ անցկացնել Հայոց Բանակի օրը, որպեսզի, Աստված մի արասցե, չզայրացնեն Բաքվի սուլթանին…

Հանուն այն բանի, որ այսուհետ էլ հարմարավետ անցկացնի իր կաբինետի նիստերը, վարչապետի «խաղաղ օրակարգը» շարունակվելու է նորանոր շրջանակներում… Արցախին կրկին սպասում են դժվարին օրեր, եթե, իհարկե, հասարակությունն ու ընդդիմությունը ի վերջո չասեն իրենց վճռական խոսքը։

Основная тема:
Теги: