ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐՑԱԽԸ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Երևանին, որոնց ընդունման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր: «Երևանը դեռևս չի արձագանքել, Բաքուն սպասում է պատասխանի»,- ասում է Բայրամովը:
Պաշտոնական Երևանը դեռեվս չի արձագանքում նաեվ այն հարցերին, թե այդ ինչ 5 կետեր են, չի պատասխանում: Ինչո՞ւ։ Պատրանքներ չտածենք։ Ոչ մի «առաջարկների» մասին խոսք չկա։ Խոսքը 5 կետից բաղկացած վերջնագրի մասին է։
Բայրամովը խոսել է դրանցից երկուսի մասին. «Զանգեզուրի միջանցքի» և միջպետական սահմանի գծանշման գործընթացի մեկնարկի։ Մյուսները չի հնչեցրել, բայց հեշտ է ենթադրել, որ Բաքվի վերջնագիրը նախատեսում է այս կամ այն ձևով Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ անդրադարձ կլինի նաև Հայաստանի զինված ուժերին. այս կամ այն կերպ այլևս չզինվելու կամ ընդհանրապես մնացած սպառազինությունը հանձնելու խոստումների։ Չեն բացառվում նաև «առաջարկները» միջազգային ասպարեզում Բաքվին քննադատելուց հրաժարման կամ «փոխհատուցումներ» վճարելու մասին։
Իսկ եթե Երևանը հրաժարվի՞։ Դե, Բաքուն արդեն ակնարկել է. Արցախի վրա ճնշման ուժգնացում, գնդակոծություններ և խոչընդոտում նրա ենթակառուցվածքների աշխատանքներին։ Դե, և սրացում Հայաստանի հետ սահմանին, օգտվելով Հայաստանի ղեկավարության և, մասնավորապես, բանակի թուլությունից, քանի որ Հայաստանի իշխանությունները հետպատերազմյան շրջանում ոչինչ չեն արել այն ամրապնդելու համար։
Ցուցանշական է, որ Ստեփանակերտին Բաքուն «առաջարկներ» չի ուղարկում։ Գիտի, որ այնտեղ պարզապես գրողի ծոցը կուղարկեն իրենց։ Այլ բան է Երևանը. Փաշինյանի հետ Բաքուն մեծ հույսեր է կապում, նրանք կասկած չունեն, որ Փաշինյանը ամեն ինչ կհանձնի փուլ առ փուլ, չի բացառվում նաև, որ մեկ փաթեթով։ Բաքվում վստահ են, որ հանուն իր «խաղաղ օրակարգի», հանուն «ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգայում» կյանքը հանգիստ վայելելու, ներկայիս իշխանությունը կհանձնի և՛ Արցախը, և՛ իր զինված ուժերը, հենց ինքը կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից։ Իսկ մի քանի տարի անց հենց ինքն էլ կառաջարկի ռուս խաղաղապահներին հեռանալ Արցախից։ Չի բացառվում, ի դեպ, որ վերջինը նույնպես ներառված է Բաքվի «առաջարկների» մեջ։
Ինչպե՞ս կվարվեն Հայաստանի իշխանությունները։ Հայաստանի իշխանությունների ուզածը, ինչպես արդեն ասել ենք, մեկն է. որ իրենց հանգիստ թողնեն։ Փաշինյանի հույսը, պետք է ենթադրել, ապրիլի 9-ին նախատեսվող, ինչպես նախապես հաղորդվել էր, այցն էր Մոսկվա։ Որ Պուտինի ոտքերն ընկած աղաչեր պաշտպանել Հայաստանը։ Բաքուն դա հասկանում է և մտադիր չէ նման հնարավորություն տալ Փաշինյանին, հենց այդ պատճառով էլ հրապարակեց Երևանին իր «առաջարկությունների» փոխանցման փաստը։
Այնպես որ ձգել մինչև ապրիլի 9-ը Փաշինյանի մոտ դժվար թե ստացվի։ Կա՛մ պիտի համաձայնի, կա՛մ պատրաստվի հետ մղել Ադրբեջանի հերթական ագրեսիան։ Վերջինով զբաղվելու ոչ մի ցանկություն Փաշինյանն ակնհայտորեն չունի։ Այն հեռանկարը, որ նա ընդառաջ կգնա Բաքվի «առաջարկներին», թեկուզև սկզբում մի քիչ չեմուչում անելով պարկեշտության համար, ավելի իրատեսական է։
Ելք ունի՞ արդյոք Հայաստանը։ Ունի։ Նրանց իշխանությանը, ովքեր փոխում են իրենց ժողովրդի կենսական շահերը անձնական բարեկեցության հետ, պետք է վերջ տալ։ Հայաստանի հեռանկարը իշխանության անցումն է ընդդիմադիր ուժերին։